Իսկ գուցե Փաշինյանը սկսի նաև հացը բազմացնել, կույրերին տեսողություն անպտուղներին էլ երեխա պարգևել
Ասում են՝ Փաշինյանը իր հավատարիմ գյուղապետ-քաղաքապետ-մարզպետներին հանձնարարել է հազար աչքով հետևել տեղերում քահանաների աշխատանքին, ամեն ինչ ֆիքսել, հատկապես ուշադիր լինել նրանց գործունեության ֆինանսական կողմին և զեկուցել։
Առհասարակ, եթե արձանագրենք, ապա Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու ջրերը կարծես թե մի առվով չի ուզում գնալ ոչ մի կերպ։ Ու եթե նրան հաջողվեց Գարեգին Բ-ին իր գրպանը դնել, տարբեր խժդժությունների գնով, ապա տեղերում եպիսկոպոսների ու քահանաների հարցում ամեն բան այդքան էլ հեշտ ու հանգիստ չէ։
Փաշինյանի նման բնավորություն ունեցող մարդու համար սա նորմալ է։ Եթե իրեն մնար, նա իր սեփական եկեղեցին, իր սեփական կաթողիկոսը կունենար, որտեղ կհավաքվեր ու ինքն իրեն գուցե Քրիստոս պատկերացնելով՝ կգոռար հիվանդների վրա ու կասեր՝ վեր կաց ու քայլիր՝ քեզ ասեմ, ո՜վ հաշմանդամ զոմբի։ Այս ամենն ինքնասիրահարված մարդու հոգեկերտվածքի համար լիովին բնական է։ Հասկանալի է, մարդուն տասնամյակներ շարունակ խավարում պահելուց հետո բերել են լույսի տակ, ասպարեզ են տվել, իշխանություն են տվել ու ասել են՝ դե վարի-ցանի։ Նա էլ հա′մ վարում է, հա′մ ցանում։
Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե Փաշինյանը սեփական եկեղեցին բացեր ու սկսեր պրակտիկ դասընթաց՝ անպտուղներին երեխա պարգևելու թեմայով։ Իսկ իրականում, ամեն ինչ ավելի ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ նրանով, որ մեր երկրին ու մեր ժողովրդին է վերաբերում։ Իրականում եկեղեցին խանգարում է Փաշինյանին՝ տոտալ իշխանություն ունենալու հարցում։ Հարցն ուղղահայաց խանգարելու մասին չէ, այլ հորիզոնական։ Եվ նա որոշել է հենց այդ ուղղությամբ սկսել իր քայքայիչ գործողությունը, հատկապես որ ուղղահայաց առումով ահագին թուլացրել է եկեղեցին։