Մարդ ու կին` մի մարմին
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի դեմ անողոք պայքար մղելու և Առողջապահության ոլորտն արատավոր սովորություններից ազատելու, առողջացնելու համար Առողջապահության նախարար դարձած Արսեն Թորոսյանը, պարզվում է՝ այդ հարցերում պայքարում է օտարների, բայց ոչ յուրայինների դեմ։
Թեև Կառավարության նիստերին Արսեն Թորոսյանը խորիմաստ արտահայտություններ է հնչեցնում, վստահեցնում, որ իր ղեկավարած գերատեսչությունում պետական միջոցները բաշխվելու են առանց վերը նշված մեթոդների գործադրման, բայց պարզվում է՝ այդ կարգը չի գործել իր կնոջը պատկանող ընկերությանը ֆինանսավորում հատկացնելու պարագայում։
ՀՀ Առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները հաստատելու մասին նախարարի ընթացիկ տարվա հունվարի 25-ին ընդունած որոշումը։
Ըստ Aysor.am կայքի՝ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմել է 22.72 մլն դրամ։
Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։
Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը նույն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ այն դեպքում, երբ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ:
Փաստորեն, նոր Հայաստանում այսպես են հարստանում պաշտոնյաներն ու նրանց հարազատները, նրանց փոխկապակցված անձինք ու նրանց պատկանող ընկերությունները։ Այսպես հարստանում էին նաև Սերժ Սարգսյանի ժամանակներում․ այն ժամանակ ևս պետական բյուջեից գումարները տարատեսակ նպատակներուվ ուղղվում էին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններ, որի հետևանքով նրանք հարստանում էին ու դիզում գումարներ, որոնք արդեն նոր Հայաստանում կամ ստիպած են տալ որպես միջոց կալանավորումից խուսափելու համար, կամ հետ վերադարձնել պետական բյուջե այս կամ այն հարուցված քրգործի շրջանակում։ Հավանաբար նման մի քրգործ էլ Փաշինյանի Հայաստանին հաջորդող Հայաստանում կհարուցվի, ու նախկին մեթոդների գործադրմամբ հարստացող պաշտոնյաները դիզած միլիոնները ստիպված կլինեն կամ տալ դատարաններին, կամ հետ վերադարձնել պետբյուջե և այսպես կստացվի դարձ ի շրջանս յուր։