Սուպերնախագահ-սուպերվարչապետ ուս ուսի որ տան, սարեր շուռ կտան
Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարության զարգացման ծրագիրն ուշադիր կարդացել և եկել է հետևյալ եզրահանգման․ պետք է ետ գնալ դեպի կիսանախագահական համակարգ։
«Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ»,- կարդում ենք Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։
Սա Տեր-Պետրոսյանի հերթական արտահայտությունն է, որն, ինչպես նախորդող ժամանակներում արվածները, մասնավորապես հող հանձնելու վերաբերյալ, արժանանում է շատ բուռն քննադատությունների, ընդ որում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր հատվածներում։
Փաստորեն, ստացվում է, որ առաջին նախագահը հեռանկարում տեսնում է նախագահական ընտրություններ և իրեն՝ որպես այդ ընտրությունների հաղթող, հավանաբար՝ Փաշինյանին էլ թևի տակ աշխատող վարչապետ։
Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է վերադարձ անցյալին՝ դեռ չբացելով տողատակն ու դրա տակ թաքնված իրական ցանկությունները։
Սակայն, այդ ցանկությունների համատեքստում է տեղավորվում նաև սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանին սուպերնախագահ կարգելու հեռանկարը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյան Նիկոլն, ի հեճուկս տված բազմաթիվ խոստումների և հավաստիացումների, շարունակում է կրել Սերժ Սարգսյանի հագով կարված սուպերվարչապետական կոստյումը՝ այն հանելու մտադրությամբ ամենևին աչքի չընկնելով։
Ըստ էության, Սահմանադրությունը դառնում է Փաշինյան Նիկոլ-Լևոն Տեր-Պետրոսյան զույգի ձեռքում իշխանությունը պահելու և իշխանության գալու գործիք, ինչը պետք է բացառել բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, քանի որ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելի անցումը քայլ առաջ է դեպի ժողովրդավարություն, և եթե Փաշինյանը կատարի խոստումն ու հանի հագից սուպերվարչապետի կոստյումը, որոշ լիազորություններ փոխանցի դրանց իրական տերերին, ապա Հայաստանը կգնա ժողովրդավարական զարգացման բնականոն ճանապարհով։ Իսկ թե ինչով է պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, ցույց կտա ժամանակը։