«Թամաշաների» վարպետները
Հայաստանյան ներքաղաքական թատերաբեմում կրկին ժամանակավոր դադարի շրջան է մեկնարկել։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հաստատված լռությունը խախտվեց միայն կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ, ինչն արդեն կարելի է ուղարկել պատմության գիրկը։ Կարելի է ասել, որ տեսարանների պակաս կլինի հասարակության՝ «թամաշայի» կարոտ որոշակի զանգվածների համար, ինչը կփորձեն լրացնել այլ ոլորտներում «թամաշաներ» սարքելով։
Ինչ-ինչ, սակայն «թամաշաներ» Փաշինյան Նիկոլի իշխանությունը կարողանում է սարքել։ Մեծ հաշվով՝ հենց միայն դա էլ իրենց ձեռքից գալիս է։ Տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին ազդարարած Փաշինյանի համար կրկին տխուր է լինելու։ Տնտեսական հեղափոխությունը հայտարարվեց իհարկե, սակայն նույնիսկ այն իրականացնելու ամենաազնիվ ցանկությունները պարզապես «գրվելու են սառույցին», եթե դրանք համապատասխան ռեսուրսով ամրակցված չեն։ Իսկ նման ռեսուրս՝ Փաշինյանն ու նրա թիմը չունեն։ Մնում է միայն մեկ բան՝ հասարակությանն ապահովել տեսարաններով՝ սուր, ինտրիգային, ականջահաճո, որպեսզի հանկարծ մարդիկ ուշքի չգան իշխանափոխության ոգեւորության էյֆորիայից եւ բացեն սառնարանի դուռն ու տեսնեն, որ այն դատարկ է։
Դրանից հետո, հասկանալի է, որ պետք է հարց առաջանա՝ իսկ ե՞րբ ենք լավ ապրելու, եւ հարցն այդ ուղիղ հասցեավորվելու է Փաշինյանին, ով այդ ընթացքում զբաղված է կնոջ ազգականներին յուղոտ պաշտոններ բաժանելով։ Ի դեպ, կարելի է փոքրիկ մարդահամար անցկացնել ու պարզել, թե քանի մարդ է կազմում Հակոբյան Աննայի ազգուտակը, որպեսզի ըստ այդմ պարզ լինի, թե «թամաշաները» դեռ ինչքան են տեւելու, կամ որ նույնն է՝ ինչքան ժամանակ է պահանջվելու Նիկոլից՝ դրանց բոլորին պետական ապարատում տեղավորելու համար։
Սակայն կա այսպիսի մի օրինաչափություն. մարդն ունի հոգնելու, ձանձրանալու հատկություն, եւ նաեւ ամենասուր թամաշաները նրան կարող են պարզապես հոգնեցնել, էլ չասենք՝ հոգնեցնելուց հետո ռադիկալ քայլերի մղել, հատկապես, երբ ավելանան Աննայի ազգուտակի պաշտոնավոր ներկայացուցիչները։