Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն, բայց ինչ են խոսելու՝ պարզ չէ
Թեև արդեն հայտնի է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա առաջիկայում, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ են խոսելու երկու կողմերի ղեկավարները։ Պարզ է այն, որ Բաքուն սկսել է «կարկանդակներից» անցնել «ճիպոտին», այսինքն՝ էլ ըմբռնումով չմոտենալ Փաշինյանի երբեմն իրարամերժ քայլերին ու հայտարարություններին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասով և հակադարձում է անընդհատ կոշտացվող մարտավարությամբ։
Երևանում դեռ շարունակում են պնդել այն, ինչ ասել է Փաշինյանը դեռ մայիսին՝ պնդելով, որ Երևանը չի կարող բանակցել Ստեփանակերտի փոխարեն։ Այդ պնդման հակազդեցությունը կարող է լինել այն, որ Բաքուն էլ մեջտեղ բերի, ինչը որ արեց, ղարաբաղյան ադրբեջանական համայնքին՝ որպես բանակցող կողմ, սակայն սրան Երևանը համաձայն չէ։ Արդյունքում գոնե այս պահի դրությամբ, ամեն ինչ գնում է դեպի փակուղի։ Սպասվող հանդիպումն, ամենայն հավանականությամբ, լինելու է Մոսկվայի հովանու ներքո և այստեղ կարելի է ենթադրել, որ Մոսկվան կարող է ինչ-որ առաջարկություններ անել՝ իր ազդեցությունը երկու կողմի վրա օգտագործելով, ինչ-որ բանի հասնելու համար։
Իհարկե, կա նաև երկրորդ տարբերակը, երբ կողմերի դիրքորոշումներն այնքան հակառակվեն ու կոշտանան, որ ակամա օրակարգ գա ռազմական բախման հարցը։ Ամեն դեպքում հիմա, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կտրուկ ռուսաֆիկացիան, հնարավոր է ՄԽ եռանախագահություն ևս թափանցեն գեոքաղաքական տրամադրությունները և ԱՄՆ կողմից որոշակի գործողություններ լինեն, որպես նաև հակադարձում Երևանի անհեռատես գործողություններին՝ կապված Սիրիայի հետ։ Ուստի մնում է օդից կախված, թե ինչ են խոսելու Փաշինյանն ու Ալիևը։ Պատմական էքսկուրսն ու տեսլականների քննարկումն էլ արդեն անցյալում է։