Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն անժամկետ փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը. պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ։ Այդ մասին NEWSPRESS.am-ին է հայտնել Լոռու մարզի մեր թղթակիցը։
Ճանապարհը փակած աշխատակիցները նկատում են, որ իրենց խաբել են։
Բանն այն է, որ 2 օր առաջ նրանք իրենց պահանջով, դարձյալ փակել էին ճանապարհը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է ցուցարարների հետ և խոստացել, որ փետրվարի 15-ին կկայանա հանդիպում, որին ներկա կլինի նաև փոխվարչապետը։
Աշխատակիցներն իրենց խնդիրը փոխվարչապետի հետ քննարկելու ակնկալիքով բացել էին ճանապարհը, սակայն Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերության աշխատողներին խոստացված կառավարության ներկայացուցիչների հանդիպումը չկայացավ:
Նրանց դարձյալ հանդիպեց մարզպետը։ Նա առաջարկեց ցուցարարներին տեղափոխվել երկաթգծի հարևանությամբ գտնվող Մշակույթի տան դահլիճ, որտեղ էլ տեղեկացրեց վերջիններիս, թե վերջին երկու օրերին խոսել է փոխվարչապետերի և ՎՏԲ բանկի արտասահմանցի ներկայացուցիչների հետ: Մարզպետն առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան և հարցը քննարկել փոխվարչապետի հետ, սակայն ալավերդցիները չհամաձայնվեցին։ Նրանք ուզում են, որ փոխվարչապետը գա իրենց մոտ։
«Սեպտեմբերից երեք անգամ խմբով գնացինք Երևան, նախապես էլ պայմանավորվել էինք, բայց Ավինյանը չընդունեց, հիմա թող ինքը գա»,-իրենց դիրքորոշումը ներկայացրին ալավերդցիները։
Ինչպես պարզվեց զրույցից, վարչապետի հայտարարությունները, թե՝ Թեղուտի բանակցությունները հանգուցալուծվել են, չեն համապատասխանում իրականությանը:
Ռուսական Պղինձ Ընկերությունն ընդհանրապես հրաժարվել է կառավարել Թեղուտը, սակայն մարզպետին ասել են, թե մյուս շաբաթվա վերջում կլինի ավելի կոնկրետ տեղեկատվություն:
«Ոչ թե կվերաբացվի, այլ տեղեկություն կլինի»,-ասաց մարզպետը, ինչը չգոհացրեց «Էյ Սի Փի» աշխատակիցներին, քանի որ նրանց պահանջը պղնձաձուլարանի վերագործարկումն է։
«Մենք կաշխատենք, մինչև բանկն ու Վալլեքսը բանակցեն և լուծումներ գտնեն, կամ ՎՏԲ բանկը վերջապես գա ու տեր կանգնի պղնձագործարանին»,-իրենց առաջարկը ներկայացրին ցուցարարները։
Մարզպետի հետ զրույցից հետո, ալավերդցիները որոշեցին այնուամենայնիվ շարունակել ակցիան այնքան ժամանակ, մինչև իրենց չգա հանդիպելու փոխվարչապետը։