Ինչու է լռում քաղաքացին, երբ իրեն ծաղրում են ԱԺ ամբիոնից
Երբ Փաշինյանը դեռ խաղում էր ընդդիմադիր քաղաքական գործչի իր դերը, մեկ անգամ չէ, որ ուղիղ տեքստով հանրապետականներին մեղադրում էր այն բանում, որ հայաստանցիները լավ չեն ապրում կամ աղքատ են։ Սակայն երեկ պարզվեց, որ մեղավոր են եղել ոչ թե հանրապետականները այլ նաև իրենք՝ այն մարդիկ, ովքեր աղքատ են ու լավ չեն ապրում։ Ընդ որում՝ աղքատ են նախևառաջ գլխում:
Սա անհեթեթ բայց աշխատող մեթոդ է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Փաշինյանն ամեն բան անում է՝
1. պատասխանատվությունից խուսափելու համար,
2. իր իշխանությունը պահպանելու համար։
Ընդդիմադիրի դերակատարման ժամանակ պարզ էր, քաղաքագիտական առումով էլ հասկանալի՝ պետք էր մեղադրել այն ժամանակվա իշխանություններին ժողովրդի աղքատության մեջ և այդ կերպ դիվիդենդներ շահել։ Քննադատելն ավելի հեշտ է, քան արդարանալը։ Սակայն Փաշինյանը, ով կարող է դեմագոգության ու պոպուլիզմի դասագիրք նույնիսկ հեղինակել, ձևը գտել է և պարզապես բոլոր բարդ հարցերը «սրա նրա գրպանն է գցում», իսկ կոնկրետ դեպքում՝ աղքատ լինելու խնդիրը գցեց հենց աղքատների գրպանը։ Ի՞նչ է դուրս գալիս, որ այնքան քննադատված ու «ազգի թշնամի» հանրապետականների իշխանությունների օրո՞ք էլ էին մարդիկ իրենց խելքից աղքատ: Փաշինյանն ու մի ամբողջ ազգ էլ պարզապես զրպարտո՞ւմ էր նրանց՝ վատ ու աղքատ պետություն ու տնտեսություն ունենալու համար: Ինչևէ:
Փաշինյանի երեկվա միտքը նման էր ավելի վաղ արված հայտարարությանը, թե 350 հազար աշխատող ապահովում է 800 հազար պորտաբույծի։ Ցավալին այստեղ հայտարարությունները չեն, ոչ էլ դրանք բովանդակային կողմը կամ նույնիսկ այն, որ ըստ ամենայնի ամեն մի նման հայտարարությամբ ծաղրվում է ՀՀ քաղաքացին, այլ այն, որ նույն ՀՀ քաղաքացին այս ամենը լսում է, սակայն թողնում անարձագանք։ Եվ որ ավելի վատ է՝ շատ դեպքերում էլ՝ արդարացնում դրանք:
Ժողովուրդը, նախկինում հպարտ, հիմա արդեն պորտաբույծ, խելքից աղքատ քաղաքացին կարծես թե լրիվ համաձայն է, որ իրեն ծաղրեն, արհամարհեն, մեղադրեն ծուլության ու պորտաբուծության մեջ։ Սա անբնական վիճակ է, կարծես հասարակության մի ստվար զանգված դեռ շշմած է, կամ հստակ չի հասկանում, թե ինչ է կատարվում։
Սա հավանաբար նաև այն բանի հետևանք է, որ Փաշինյան Նիկոլի տրանսֆորմացիան այնքան արագ է տեղի ունենում, որ մարդիկ չեն հասցնում մարսել մի կերպարը՝ մյուսը հասկանալու համար։ Մեղմ ասած՝ կրկեսային ձեռնածուի էֆեկտ է, երբ մի տրյուկը դեռ չհասկացած՝ ոնց է արվում, մյուս տրյուկին ես ականատես լինում։
Սա նաև վտանգավոր իրավիճակ է, քանի որ վաղ թե ուշ լինելու են կարևոր գործընթացներ արցախյան ճակատում և այդ շշմածությունը ժողովրդի օգտին չէ, որ աշխատելու է։ Ուստի որքան արագ հասարակությունը զարթնի թմբիրից, այնքան լավ։