Երևանը մեծ գլուխ է՝ փոքր մարմնի վրա. էդ փոքր մարմինն էդ հսկա գլուխը ո՞նց պահի. Վարդան Ղուկասյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցնում է, որ տարիներ շարունակ իր կողմից բարձրացվել է տարածքային հավասարաչափ զարգացման խնդիրը, սակայն այն մնացել է «ձայն բարբարո հանապատի»:
«Հիմա ստացվել է մի մեծ գլուխ՝ փոքր մարմնի վրա: Պատեկացնո՞ւմ եք՝ ինչպես կարող է էդ փոքր մարմինը պահել էդ մեծ գլուխը»,-ասաց Ղուկասյանը՝ ԱԺ նիստի իր ելույթի ժամանակ:
Նրա դիտարկմամբ՝ Երևանն այնքան է հզորացել, որ նույնիսկ չես կարող համեմատել հանրապետության մյուս մարզերի հետ: Ղուկասյանի գնահատմամբ՝ վատն այն է, որ այս տենդենցը շարունակվում է մինչ օրս, և արդեն ներդրումները կատարվում են Երևանում:
Նա պնդում է, որ 30 տարի շարունակ ասել է, որ Գյումրին պետք է դարձնել ազատ տնտեսական գոտի, որտեղ կարելի է և՛ ներդրումներ անել, և՛ աշխատատեղեր ստեղծել, սակայն ոչինչ չի փոխվել:
«Եթե մտածում ենք այնպիսի դաշտ ստեղծել, որ դրսի ներդրողները գումարները ձեռքին խելագարված պետք է գան ու ներդրում անեն՝ չարաչար սխալվում ենք»,-ասում է Ղուկասյան ու նկատում, որ պետությունը ներդրողներին ինքը պետք է ուղղորդի մարզեր:
«Գյումրիի լույսերը մարում են, Անիի ավերակներն են սարքում Գյումրին, էլ ի՞նչ ձևով ասենք, որ հասկանաք վիճակը»,-ասաց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ ներդրումների մասին խոսելիս չպետք է մոռանալ աղետի գոտին՝ Գյումրին ու Սպիտակը բարեփոխելու մասին: