Կրճատում են՝ նրբորեն թքած ունենալով կրճատվողների վրա
Փաշինյանի կառավարությունը նախարարությունները կրճատելուց եւ մի քանի հազար մարդու գործազուրկ դարձնելուց հետո, սահուն կերպով հասնում է կրճատումների հաջորդ փուլին՝ թիրախավորելով մարզպետարանները։ Արդեն հայտնի է, որ Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը ենթակա է կրճատման։
Պաշտոնական մեկնաբանությունը կառավարման ապարատի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Գոնե այդպես ասում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, թեեւ մեկ այլ ներկայացուցիչ Փաշինյանի թիմից՝ Հակոբ Արշակյանը, որոշել է աչքի ընկնել իր կրեատիվությամբ եւ հայտարարել է, որ կրճատում են, որպեսզի մարդկանց հնարավորություն տան աշխատանք գտնելու։ Եթե Հակոբ Արշակյանը ապրեր միջնադարյան Եվրոպայում, նրան ամենայն հավանականությամբ կընտրեին ինկվիզիցիայի դատավոր, քանի որ մեկ էլ ինկվիզիցիայի ժամանակ էին ասում՝ մարդուն խարույկ են բարձրացնում, որ հոգին փրկեն։
Բայց սա այլ հարց է, հատկապես աթեիստ կամ աղանդավոր կառավարության համար։ Ըստ Պապիկյանի, հենց որ կառավարության կրճատումները «հորով-մորով» արեցին, նոր կազմը կառավարության արդեն ամրապնդվեց` անցնելու են մարզպետարաններին։ Ըստ նախարարի, անց է կացվելու մրցույթ, որպեսզի ամենալավ աշխատողները մնան աշխատելու։ Իսկ թե ինչպես է անցկացվելու մրցույթը, ինչ արժանահավատություն այդ մրցույթի արդարության եւ այլնի հետ կապված` որեւէ բան չկա։
Փաշինյանի անձնական վարկանիշը պետք է ծառայի որպես այս մրցույթների արժանահավատության կամ վստահելիության երաշխիք։ Եթե անկեղծ ասենք` ապա ամբողջ պետական համակարգով Շերլոկ Հոլմս ու Էրքյուլ Պուարո դառնալուց հետո, հիմա էլ երեւի թե որոշել են բոլորով դառնալ կրճատող։ Ու այստեղ արդեն անիմաստ է դառնում սոցիալական պատասխանատվության, մարդուն առանց օրվա հացի թողնելու հեռանկարի, դրանով պայմանավորված արտագաղթի ալիքի հնարավոր աճի մասին ահազանգերը։ Կարեւորը` կրճատում են ու կրճատում։
Հանուն արդարության նշենք, որ այս կրճատման թեման գրեթե բոլոր կառավարությունների օրակարգում էլ եղել է, բայց նրանք հենց այդ սոցիալական պատասխանատվության ու մյուս բերված հարցերն են ունեցել աչքի առաջ ու չեն գնացել այդ քայլին։ Իսկ ահա թքած ունենալու նուրբ արվեստին տիրապետող Փաշինյանի ու իր թիմի համար բարոյականության եւ այլ կատեգորիաները լրիվ այլ ձեւակերպում ունեն։