Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Դավիթ Սանասարյանին մեսիջ հղեց՝ Ֆեյսբուքից դուրս արի, աշխատի՛ր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ինչքան էլ «ջուր էր ծեծում» և հեքիաթներ պատմում, պետք է նկատենք, որ մեկ-երկու առանձին միտք նաև արտահայտեց, որոնք ոչ ուղիղ խոսքով, բայց ուղիղ հասցեատեր ունեին:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև «պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին»:
Նա իր խոսքում ասաց, թե նրանց դեռ թվում է՝ իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում է:
Փաշինյանը սա համարում է իր թիմի կոմպլեքսներից մեկը, որով ինքնապաշտպանական ռեակցիա են տալիս, իբրև պաշտոնյա դառնալուց հետո, իրենց կյանքում ոչինչ չի փոխվել:
Իհարկե, դա վատ է, որովհետև պաշտոնյա դառնալուց հետո մարդու կյանքում լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն, քանի որ մեծանում է և′ պատասխանատվությունը, և′ գործառույթները: Եթե նախկինում այդ ակտիվիստն իր պայքարը ծավալում էր նեղ անձնական շահերով ուղղորդված, այսօր նա պետք է մտածի, որ իր ուսերին պետություն կոչվող ծանր բեռն է դրված:
Այս մասով ինչ-որ չափով պետք է համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ: Ճիշտ է, ակնհայտ է, որ նրա խոսքն ուղղված էր կոնկրետ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, բայց նույն կոմպլեքսներն ինքն անձամբ ունի:
Երբեմն, մանավանդ տարբեր երկրներում հանդիպումների, ժողովների ընթացքում, Նիկոլ Փաշինյանն իր ձայնային ինտոնացիայով, տեմբրով և խոսքի բովանդակությամբ տպավորություն է ստեղծում, թե ինքը շարքային ակտիվիստ է, փորձում է հեղափոխություն անել և դեռ իր հետևից թիմակից հավաքելու խնդիր պետք է լուծի:
Այս համատեքստում ծով համեմատականներ կարող ենք անցկացնել Դավիթ Սանասարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև՝ երկուսն էլ նույն սանրի կտավն են և երկուսն էլ նույն մեթոդով են առաջ շարժվում: Նախ հայտարարում են կամ գրառում կատարում Ֆեյսբուքում, ապա նոր միայն փորձում մանևրելով իրենց գրածի կամ հայտարարության տակից դուրս գալ:
Ինչևէ, խնդիրը տեղայնացնելով պետք է արձանագրել, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, քանի որ Դավիթ Սանասարյանն ու իր թիմակիցներից երբեմնի ընդդիմադիր որոշ զանգված այդպես էլ դուրս չեն եկել քայլողի մակարդակից և պետական պաշտոնյայի դիրք այդպես էլ չի ընդունել:
Զարմանալի է, բայց Ֆեյսբուքով քաղաքական հեղափոխություն կատարած մարդիկ փորձում են Ֆեյսբուքով նաև տնտեսական կամ իրավական հեղափոխություն կատարել:
Եկեք թվարկենք, թե ինչ բացահայտումներ է արել Դավիթ Սանասարյանն այս ամիսների ընթացքում. կհիշենք միայն նրա և ԵՊՀ-ի միջև բախումը, ոչինչ ավելին:
Իսկ արդյոք ԵՊՀ-ում բացահայտում արվե՞ց, դա դեռ ըստ արժանավույն չի հրամցվել հանրությանը: