Իսկ ո՞ւմ վրա թքած ուներ Փաշինյանը
Փաշինյան Նիկոլի գրքասիրական գրառումը բավական քննարկվեց սոցցանցերում, նույնիսկ հասավ առանձին ԶԼՄ-ների լրահոս։ Իհարկե, որևէ կինոաստղի կամ հայտնի արտիստի դեպքում սա ավելի բնական կարող էր նկատվել, քան երկրի ղեկավարի դեպքում, համենայն դեպս, Հայաստանում առկա կիսազոմբիացված վիճակը և զոմբիացման դեռևս պահպանվող բարձր ցուցանիշները հաշվի առնելով՝ սպասելի է, որ «Մեծ Գուրուի» նույնիսկ զուգարան գնալը կարող է դառնալ թեմա։
Այս քննարկումները, սակայն, դրական կողմ էլ ունեն։ Հատկապես երբ հաշվի ես առնում, որ քննարկումներում շոշափվեց Փաշինյանի գնած գրքերի բովանդակությունը կամ վերնագրերը։
Հասարակության մտածող խավի համար «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի լուսանկարի հրապարակումը որոշակի մեսիջ պարունակող էր իր մեջ։
Այլ կերպ՝ ինչ է ցանկացել ցույց տալ Փաշինյանը՝ այդ լուսանկարը հրապարակելով, ում է հասկացրել, որ թքած ունի կամ ինչի վրա։ Ասել, որ լուսանկարը միամիտ է հրապարակել, սխալ կլինի։ Ինչ ինչ, սակայն բավական «փորձված աղվես» Փաշինյանը լավ է հասկանում նման բաներից։ Մնում է հասկանալ, իսկ կոնկրետ ում ինչ է հասկացրել։
Շատերը հենց «Նիկոլի ֆան ակումբից» մի փոքր դիսկոմֆորտի մեջ են հայտնվել, որովհետև ակամա իրենց վրա են պրոյեկտել թքած ունենալու նուրբ արվեստի գործնական կիրառությունը։ Գուցե նաև վիրավորվել են, հատկապես երբ գիտակցել են, որ Նիկոլին «կառավարական դաչա» իրենց վրա թքած ունենալու նուրբ արվեստին տիրապետելու համար հենց իրենք են ուղարկել։
Ուշագրավ է, որ այս լուսանկարի հրապարակումից հետո հրապարակվեց նաև կառավարության վերջնական կազմը, որով արդեն տևական ժամանակ քննարկումները պետական ծառայողների բավական մեծ բանակի անորոշ ապագայի մասին, կարելի է ասել, հասան վերջնագծին, որը կարելի է ձևակերպել այս կերպ՝ իշխանությունը թքած ունեցավ նրանց՝ օրվա հացից զրկված լինելու մռայլ հեռանկարի վրա և արեց այն, ինչ անելու էր։
Կարելի է ասել, որ պոպուլիզմի և դեմագոգության վարպետն այն քիչ դեպքերից է, որ ազնիվ է գտնվել ու հասարակությանն ազդարարել է իր առաջին սկզբունքը՝ թքած ունենալ հենց նույն հասարակության, ժողովրդի վրա։
Ու սա դեռ սկիզբն է։