Փաստորեն, ազգովի սկսել ենք հայկական նոր սերիալ նայել․ Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավականան կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը հստակ չի ձևակերպում՝ կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, սակայն նկատում է, որ ՀՀ-ում դատական համակարգը խնդիրներ ունի։
Պատասխանելով լրագրողների հարցին և անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավարական իրավունքների պաշտպանությունը ճիշտ չի գնում։
«Միշտ փնտրում են երկու ճանապարհ՝ միջանձնյա հարաբերություններ և քաղաքական հետապնդումներ: Ակնկալում եմ, որ այդ գործով զբաղվողները վերջապես կլրջանան: Մեր կարևոր խնդիրը Քոչարյանը չէ, այլ անկախ դատական իշխանությունների կայացումը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա նկատում է, որ Հայաստանում նույն թափով շարունակվում է դատավարական իրավունքների ոտնահարումը։
«Փաստորեն, ամբողջ ազգով սկսել ենք հայկական նոր սերիալ նայել: Չեմ բացառում, որ դա էլ ձև է՝ ուշադրությունը շեղել իրական խորքային խնդիրներից: Չխոսելով նրա մասին, թե ում են արդարացնում կամ չեն արդարացնում, ուզում եմ ասել, որ նույն թափով շարունակվում է դատավարական իրավունքների ոտնահարումը: Ես դատապարտելի եմ համարում այն, որ Հայաստանում ստեղծվել է մի սխեմա՝ սկզբից ուղղորդված ձևով ստեղծվում է հասարակական կարծիք, հետո սկսվում են ինչ-ինչ գործողություններ, հետո արդեն կա համոզմունք, որ տվյալ մարդը մեղավոր է, բայց մենք դատավճիռ չունենք»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։