Քոչարյանին չի կարելի պահել կալանքի տակ․ ԳԽ պատգամավոր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի կարելի պահել կալանքի տակ, քանի որ կարող է պարզվել, որ նա անմեղ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Ես չեմ պնդում, թե Քոչարյանն անմեղ է, ես չգիտեմ, բայց ասում եմ՝ մարդու նկատմամբ հարգալից եղեք, հարգեք նրա անձը, եթե պարզվի, որ նա անմեղ է ի՞նչ է անելու մեր արդարադատության համակարգը»,- ասաց Արշակյանը։
Նրա գնահատմամբ՝ ազատության մեջ Քոչարյանին պահելով՝ կարելի է օգտվել նրա սխալներից։
«Եթե նա փորձի թաքնվել, ճնշում կիրառել վկաների վրա, կամ իրեղեն ապացույցները թաքցնի, դա դատախազության համար նվեր է, դա կոչվում է արդարադատության խոչընդոտում։ Դա ավելի կծանրացնի Քոչարյանի վիճակը»։
Հարցին, թե արդյոք Քոչարյանը քաղաքակա՞ն բանտարկյալ է, Արշակյանը միանշանակ պատասխանեց․ «Այո՛, քանի որ հալածվում է իր քաղաքական գործունեության համար»,-նշեց Արշակյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այդ գործունեությունը պետական բնույթի է։
«Պետք չի դրանից խուսափել, այո, Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական է, ճիշտ այնպես, ինչպես Պինոչետի գործը և Հոնեկերի գործը, նրանք երկուսն էլ ազատազրկված չեն եղել գործի քննության ընթացքում։ Ես՝ որպես Մարտի 1-ի դեպքերի մասնակից, իմ փորձով գիտեմ, որ նա իր տեղում չի եղել, անտեղյակ է եղել առնվազն։ Նրա օրոք 10 հոգի զոհվել է, նա Սահմանադրության երաշխավորն է եղել»,- ասաց նա։
Ազատ Արշակյանը դեմ է, որ երկրի սահմանադրական կարգը խախտելու համար իրավապահները հետաքրքրվեն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանով․ «Լևոն Տեր-Պետրոսյանին հանգիստ թողեք»։