Ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածություն, կամ պարտադրանք
Թեև տևական ժամանակ է՝ հասարակությունը պահանջում է վարչապետ Փաշինյանից բացել փակագծերն ու արդարացիորեն ներկայացնել հայ խաղաղապահներին Սիրիա ուղարկելու իր որոշման իրական պատճառները, այսօր՝ փետրվարի 8-ին, պարզ դարձավ, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը` 83 անձ, մեկնեց Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Սա տարածված պաշտոնական հաղորդագրությունից հատված է, որն ամենևին չի մեղմացնում այն մտահոգությունները, որոնք առկա են, եթե չասենք, որ գնալով ավելի պահանջարկված է դարձնում՝ Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքի հրապարակումը, միջազգային պայմանագրի առկայության հաստատումը, որի հիման վրա էլ ՀՀ-ից զորախումբ է ուղարկվել Սիրիա, և որ ամենակարևորն է՝ տալ իրական փաստարկված երաշխիքներ մեր զինվորների անվտանգության երաշխավորման համար։
Հիշեցնենք, որ զորախումբը Սիրիայում գործելու է ՀՀ դրոշի ներքո, այսինքն՝ մի երկրում, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողություններ, տեղակայվել է ՀՀ դրոշի ներքո գործող զորախումբ։
Եթե սա Փաշինյան-Պուտին ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածություն կամ ՌԴ նախագահի պահանջ չէ, ապա հասարակությունը պահանջում է իշխանություններից պահպանել խոստումն ու գործել առանց չակերտների։
Ի դեպ, տեղին է նշել, որ այսօր Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանին ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել՝ նշելով․ «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»։ Կոչ բառը ևս մտորելու տեղիք է տալիս՝ փաստելով, որ սա ոչ թե եղել է Փաշինյանի բարի կամքի դրսևորում, այլ պարտադրված քայլ։