Յա, իրո՞ք. Նիկոլ ջան, դե կազմակերպի՝ ես էլ Բաքու գնամ-գամ
Պատրաստել ժողովուրդներին խաղաղության հայտնի արտահայտությունից հետո ականատես ենք լինում առաջին ծիծեռնակին:
Պարզվում է՝ ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, և ինչպես ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն է հայտարարում, «այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն է ուղղված, և դա մեզ համար բնական գործընթաց է։ Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունն ինչ որ ձևով սահմանափակելու ուղղությամբ»:
Պարզվում է նաև, որ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հանդիպումներ ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։՛
Թե արդբեջանցի լրագրողներն ինչ են կորցրել Հայաստանում կամ ինչ առաքելությամբ են գործուղվել մեր երկիր՝ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Բաքուն նույնքան հյուրընկալ չի կարող լինեն հայերիս համար:
Հակահայկական քարոզչությունը կենսական անհրաժեշտություն համարող ադրբեջանցիների հայաստանյան այցի տակ անհնար է թաքնված տողատակ չփնտրելը: Խաղաղասեր հայերիս մոտ առաջանում են հարցադրումներ՝ արդյո՞ք ադրբեջանցի լրագրողների հայաստանյան այցի ու Փաշինյան-Ալիև հանդիպման մեջ կա որևէ կապ. գուցե այս այցն այդ հանդիպման արգասի՞քն է: Իսկ ի՞նչ կստացվի, եթե ադրբեջանցիք որոշեն գնալ նաև Եռաբլուր: Կա Արցախ, արդյո՞ք նրանք չեն հայտնվի Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես հայտնվում են Արցախը տեսնելու համարձակություն ունեցող ոչ հայ քաղաքական գործիչներն ու բլոգերները:
Իսկ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հայերիս խաղաղասիրությամբ Բաքվում էլ մեզ՝ ազգությամբ հայ լրագրողներիս կընդունեն ու ողջ-առողջ ետ կճանապարհեն, ապա ես դեմ չեմ փորձել ու մեկնել Բաքու՝ լրագրողական գործունեության շրջանակում, ուստի, հարգելի Նիկոլ, կազմակերպի՝ ես էլ իմ թիմի հետ Բաքու գնամ-գամ: խոստանում եմ՝ զուտ լրագրողական գործունեություն կծավալեմ:
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան