Դավոսում Ալիև-Փաշինյան հանդիպումը եղել է օրակարգում․ Աննա Նաղդալյան
Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա ԼՂ կարգավորման գործընթացում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ այս մասին տարբեր առիթներով հայտարարել են և՛ վարչապետը, և՛ ԱԳ նախարարը։
Պատասխանելով լրագրողների հարցին և անդրադառնալով Դավոսում Ալիև-Փաշինյան հանդիպմանը՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ այցը կրել է ոչ պաշտոնական բնույթ, բայց հանդիպումը եղել է օրակարգում։ Պարզապես այն կրել է ճանաչողական բնույթ:
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին խոսվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումների ժամանակ, որոնք հանդիպման այլ մանրամասների հետ համապատասխան հայտարարություններում համաձայնեցվել են»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը։