Ծպտուն չհանե՛ք, հանգիստ նստեք տեղներդ...
Գերմանիայից վերադառնալուց հետո այսօր առավոտյան ժամը 11:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրար գլխի է հավաքել իր քաղաքական թիմին՝ մասնավորապես՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբացությանը:
Փաշինյանի գլխավորությամբ՝ խմբակցության հերթական նիստն է ացկացվել, որը մեր ուշադրության կենտրոնում չէր հայտնվի, եթե տեղի չունենար օրենքի խախտումով:
Պարզվում է՝ Փաշինյանի վարած նիստին մասնակցել են ոչ միայն իմքայլական պատգամավորներն, այլ նաև մարզպետներ ու կառավարության անդամներ:
Թե նրանք ինչ գործ ունեին օրենսդիր մարմնում անցկացվող խմբակցության նիստին՝ դեռ պետք է պատասխան տա այդ հարցին Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ կառավարության անդամներն, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, Ազգային ժողով կարող են ներկայանալ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, որտեղ էլ օրենսդիրները նրանց կարող են ուղղել իրենց հարցերը:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, կառավարության անդամներին թույլ չի տրվում մասնակցել ԱԺ խմբակցությունների նիստերին:
«Իմ քայլը» խմբացության այսօրվա նիստի հետ կապված՝ կա նաև այլ ուշագրավ հանգամանք. նախ՝ լրագրողներին արգելվել է մուտք գործել Ազգային ժողով: Ժամը 11:00-ից մինչև 15:00-ը լրագրողները սպասել են ԱԺ սպասասրահում: Չորսժամյա տաժանկիր սպասումից հետո, սակայն, նրանք չեն կարողացել այդ նիստի ընթացքում քննարկված հարցերի մասին որևէ տեղեկատվություն պեղել դրա ավարտից հետո, որովհետև կամ պատգամավորները խուսափում էին լրագրողների հետ շփումից, կամ տալիս իրարամերժ պատասխաններ:
Իմքայլականներին ուշադիր հետևելիս հասկացվում էր մեկ պարզ ճշմարտություն՝ տրվել է հրահանգ՝ ոչինչ չխոսելու: Այս անգամ հրահանգն ավելի խիստ է եղել և նրանք զրկվել են նաև կցկտուր անձնական տեսակետ հայտնելու՝ իրենց իրավունքից:
Նշենք, որ լրագրողների հարցերին ի պատասխան կմկմալով մի քանի բառ ասող որոշ պատգամավորների տանջանքներին փորձեց վերջ տալ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ լրագրողներին կոչ անելով պատգմավորներին վատ վիճակում չդնել:
Փաստորեն, Փաշինյանը հոգնել է իր թիմի սխալները սրբագրելուց ու որոշել՝ կխոսեն այն ժամանակ, երբ կտա դրա իրավունքը: