Ծնելիության հանդեպ մահացության աճ ունենք, որովհետև հիմնի բառերում մահ բառը 3 անգամ կա՞
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չէի ուզում գրել, բայց երևի արժե:
Երբ երկրի կուտակված, ֆունդամենտալ խնդիրների լուծման հայեցակարգերի ու քայլերի փոխարեն ընդամենը խորհրդանշական բաներ են քննարկվում, ինչպես, օրինակ, հիմնի փոփոխությունն է կամ նման բան, իհարկե քննադատությունները, ծաղրը, չհասկանալը լինելու է: Ես էլ չեմ հասկանում հիմնը փոխելու այս անհասկանալի դիսկուրսը:
Հայաստանը դեռևս խեղճ երկիր է, մենք էլ լավ չենք ապրում, որովհետև տխուր, ընկճված ե՞րգ ենք երգում: Հայրենադարձություն չունենք, որովհետև հիմնը վա՞տն է: Ժողովրդագրական մտահոգիչ պատկեր, կանխատեսումներ ու ծնելիության հանդեպ մահացության աճ ունենք, որովհետև հիմնի բառերում մահ բառը 3 անգամ կա՞: Եւ վերջապես, եթե անգամ ազգս համաձայնի փոխել հիմնը, ո՞վ է ասել, թե կողմ ենք լինելու սովետական Հայաստանի հիմնի վերադարձին, որքան էլ այն գեղագիտորեն լավ, կատարյալ գործ լինի, կամ հեղինակը Արամ Խաչատուրյանը լինի: Եթե մեր քաղաքական ու մշակութային էլիտայի ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է անցյալին, այն էլ՝ խորհրդային անցյալին վերադառնալու մեջ, ունակ չէ ավելի զիլ որևէ բան ստեղծել, ուրեմն կներեք, կապ չունենք/չունեք Հայաստանի այսօրվա կամ վաղվա հանրապետության հետ»: