Քոչարյանը փակագծեր է բացել
Հունվարի 18-ին, ժամը 22.45-ին 5-րդ ալիքի եթերում ցուցադրվեց ռեժիսոր Դմիտրի Նովոկշոնովի հեղինակած «Գործ N° մարտի 1» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմում ներկայացված էին փաստեր 2018 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի և դրանց նախորդած զարգացումների վերաբերյալ:
Այս ֆիլմի ցուցադրությունից հետո շրջանառվեցին լուրեր, որ Ռոբերտ Քոչարյանն, ով Մարտի 1-ի թեմայով հարցազրույց էր տվել ֆիլմի համար, 100 հազար դոլար հոնորար է տվել ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանին, ինչն այսօր հերքեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մանրամասնելով որոշ մութ դետալներ։
«Որոշ ժամանակ անց պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկավայաբնակ հայ և ասել, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, ասել է, որ իրենից բացի, խոսելու են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և այն անձինք, որոնք այդ ժամանակ կարևոր դերակատարում են ունեցել։ Մի քանի օր անց հարցազրույցը կայացել է, որից հետո հայտնի է դարձել, որ Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը չեն ցանկացել հարցազրույց տալ։ Ռեժիսորին բացարձակապես հոնորար չի տրվել»,- նշել է Հայկ Ալումյանը։
Փաստորեն, ֆիլմ է նկարվել Հայաստանի պատմության ամենաարյունոտ դրվագներից մեկի մասին, որի առանցքային դերակատարներներն են եղել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը և նրանք չեն ցանկացել այդ մասին խոսել։ Սակայն դա չի խանգարել Նիկոլ Փաշինյանին, օրինակ, քարոզարշավների հարթակներից ասել, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Հավանաբար, բացահայտված գործի վերաբերյալ անիմաստ է համարել հարցազրույցներ շռայլելը։
Իսկ մի՞թե հազարավոր մարդկանց հրապարակում պահող և անհնազանդության կոչեր անող առաջնորդներն այդ մասին Մարտի 1-ից 10 տարի անց ասելիք չունեն։
Թե՞ նրանք բավարարված են Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրմամբ, որտեղ ներկայացված են նույն մարտիմեկյան իրադարձությունները՝ սակայն լևոնտերպետրոսյանական դիտանկյունից։ Սրանք հարցադրումներ են, որոնց Փաշինյան Նիկոլը պետք է պատասխանի Գերմանիայից վերադառնալուց հետո՝ հավանաբար, այդ պատասխաններով մեկ քայլ առաջ գցելով Մարտի 1-ի գործի բացահայտումը, որն ի հեճուկս նրա հայտարարության՝ շարունակում է մնալ չբացահայտված։
NEWSPRESS.am