«Տաշիր գրուպ»-ին, «Ամերիա» բանկին, «Էլիտ Պլազա»-ին արգելվում է, իսկ Խաչատուրովի որդուն՝ թույլատրվում
Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստ։
Նիստում բավականին երկար քննարկվեց ավտոկայանատեղիների հարցը։ Իրականում այն լուրջ խնդիր է Երևանի պես խիտ բնակչություն ունեցող մեգապոլիսի համար։ Անկանոն կայանումները հանգեցնում են անհարմարությունների թե՛ երթևեկության, և թե՛ հետիոտնի համար, և այս պարագում խնդրին լուծում տալը խիստ առաջնային է։
Սակայն, նման կանոնակարգումները, հասարակության մեջ վստահություն վաստակելու համար, պետք է արվեն հավասարության սկզբունքով, ոչ թե անհատական և երկակի մոտեցումներով։
Այսօր ավագանու անդամների մեծ մասը դեմ քվեարկեց Տերյան փողոցում «Տաշիր գրուպ»-ի ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու մասին որոշման նախագծին: Ավագանին մերժեց նաև նիստին ներկա «Էլիտ Պլազա»-ի տնօրեն Դավիթ Մկոյանին, ով խնդրում էր չզրկել իրենց Շահումյանի անվան հրապարակի ավտոկայանատեղիից, արգելվեց նաև «Ամերիա» բանկին՝ որպես կայանատեղի օգտագործել Շահումյանի հրապարակը:
Հետաքրքիր է, սակայն, որ նույն ավագանին թույլատրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին պատկանող՝ Թումանյան փողոցում գործող «Քոֆիսթորի» սրճարանի տարածքի ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը. այս սրճարանի կայանատեղին խցանում չի առաջացնում։
Դժվար է պատկերացնել, թե ինչու ավագանին նման կերպ որոշեց, սակայն հետաքրքիր միտում՝ կարելի է նկատել. դեռ նախորդների ժամանակվանից ենք երկակի ստանդարտներին սովոր դարձել։
NEWSPRESS.am