Իրավիճակ է փոխվել
Պաշտոնյաների պարգևավճարների թեման գնալով ավելի է թեժանում, իսկ այն թեժացնում են իրենց աշխատակիցներին պարգևատրած պաշտոնյաներն` իրենց լայվերով ու արդարացման անբովանդակ տեքստերով։
Նման մի արդարացման լայվ էլ մտավ հեղափոխությունից հետո ամենաշատ քննադատված պաշտոնյան` կարգին դերասան, չստացված քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մինչ ամբողջ մեդիան գրում էր քաղաքապետարանի աշխատակիցների ստացած պարգևավճարների, 12 ամիս չաշխատած, բայց 13-րդ աշխատավարձ ստացածների մասին, Հայկ Մարությանը որոշեց լայվով պատասխանել այդ մեղադրանքներին։
Բնականաբար, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը ևս իր լայվը սկսեց «Բարև Ձեզ իմ սիրելի երևանցիներ, ինչպե՞ս եք, հուսով եմ` լավ եք» ծեծված նախադասությամբ, որին հաջորդեց նրա բացատրությունների շարքը, թե ով ինչու և ինչքան է պարգևատրվել և ինչու չեն հրապարակել պարգևատրվածների ցուցակը։
Այս երկարաշունչ պարզաբանումներից հետո Մարությանը նշեց, որ ինքը չի պարգևատրվել, ստացել է 0 դրամ, պարգևատրվել են Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներն ու փոխքաղաքապետերը։
Այստեղ տեղին է ներկայացնել Երևանի փոխքաղաքապետերի պարգևավճարների վիճակագրությունը՝ 2017-2018 թվականների համար։
Եվ այսպես՝ 2017 թվականին, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր՝ Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալը ստացել է 478.000 դրամ,
2018թ.-ին, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ 956.000 դրամ:
Տարոն Մարգարյանի քաղաքապետության շրջանում Երևանի քաղաքապետի մյուս 3 տեղակալները ստացել են 443.000 դրամ յուրաքանչյուրը, ընդամենը՝ 1մլն. 329.000 դրամ, Մարությանի քաղաքապետության շրջանում ՝ Հայկ Սարգսյանը՝ 886.000 դրամ, Սերգեյ Հարությունյանը՝ 886.000 դրամ, Տիգրան Վիրաբյանը՝ 1 մլն 309.000 դրամ․ ընդամենը՝ 3 մլն 65 հազար դրամ։
Եվ այս ամենից հետո արդարանում են, թե պարգևատրել են, որովհետև աշխատակիցները աշխատում են 12 ժամյա ռեժիմով։
Գոնե նման անհեթեթ արդարացումներ մի բերեք, չէ՞ որ աշխարհով մեկ ապացուցված է, որ 12-ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատում են նրանք, որոնց օգտակար գործողության գործակիցը ցածր է, ինչի արդյունքում X աշխատանքը կատարելու համար ստիպված են աշխատել, ոչ թե մինչև ժամը 19։00-ն, այլ 23։00-0։ Սա միայն փաստում է ոչ պրոֆեսիոնալ կադրերի առկայության մասին։
Պարգևավճարներն արդարացնողներին էլ խորհուրդ ենք տալիս մեզ հուշել արձանագրված այնպիսի ցուցանիշներ, որն արժանի է պարգևավճարի․ մարզպետարաններից սկսած՝ մինչև Երևանի քաղաքապետարան:
Որևէ զիլ գործ դեռ չենք տեսել։