Ավստրալիան ևս ճանաչեց Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ
Ավստրալիան դարձավ հերթական երկիրը, որը ճանաչեց Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Պեյնի հայտարարությանը:
Վենեսուելական ճգնաժամն աշխարհը բաժանել է երկու մասի. մի մասն իր աջակցությունն է հայտնում գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, իսկ մյուս մասը ճանաչում է ժամանակավոր նախագահ Գուայդոյին՝ մինչ արտահերթ ընտրությունները:
ԱՄՆ-ն առաջինն էր, որ հայտարարեց, որ ժամանակավոր նախագահ է ճանաչում Խուան Գուայդոյին, նրա օրինակին հետևեցին Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Եվրոպական միությունը, Իսրայելը, Պերուն, Կոլումբիան: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան ու Գերմանիան վերջնագիր են ներկայացրել պաշտոնական Վենեսուելային, որում ասված է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարվի արտահերթ ընտրությունների մասին, իրենք ևս կճանաչեն Գուայդոյին Վենեսուելայի նախագահ: