Ես ուզում եմ դառնամ վերջին մաման, որը բալա կանչեց. Մարգարիտա Խաչատրյանը խոստանում է հող զիջողների կոկորդը կրծել (տեսանյութ)
Բանակում նոր իշխանությունների օրոք ոչ մի բան չի փոխվել, տիկին Մարգարիտայի համար բանակում ոչինչ չի փոխվել: Այդ մասին «Եռաբլուրում» ասել է «Զինվոր» Հ/Կ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Եթե բանակում մենք ունենք ինքնասպանության դեպքեր, մենք չենք կարող ասել, որ մենք բարեփոխումներ, շրջադարձ ունենք բանակում: Ինձ համար ոչինչ չի փոխվել, ինձ համար այն է փոխվել, որ ներկայիս կառավարությունը մեկը մյուսին պարգևավճաներ է տալիս, հովանավոր է կանգնում: Ես մեծ կարծիք ունեի, որ կլինեն բարեփոխումներ, որ փոփոխությունների կլինեն ժողովրդի, զոհվածների ընտանիքների նկատմամբ: Շուրջ երեք տարի է՝ մենք համազգեստի, կոշիկների, ներքնաշորերի, գումարների փոփոխություն ենք անում: Քավ լիցի, եկեք մեկս մեկին չխաբենք: Ես ոչինչ չունեմ տանելու էս բանակից, ես ուզում եմ դառնամ վերջին մաման, որը բալա կանչեց»,- ասաց Խաչատրյանն ու համբերություն, ուժ ու կորով մաղթեց մայրերին:
Տարածքներ զիջելու վերաբերյալ քննարկումներին տիկին Մարգարիտայի արձագանքը կտրուկ է՝ խոստանում է տարածք զիջողի կոկորդը կրծել. «Մենք արյան գնով ենք ձեռք բերել մեր բանակը: Եթե այսօր տարածքների խնդիր լինի, եթե հանկարծ Ջաբրաիլի խնդիր լինի, ես կոկորդը կկրծեմ էն մարդու, ով Ջաբրաիլից մի թիզ հող զիջում անի կամ փորձի զիջման անուն տալ, իմ որդին Ջաբրաիլում է զոհվել»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով բանակում կոռուպցիայի վերացմանը՝ նա նկատեց, որ կոռուպցիայից ստացվող գումարները տանում են բյուջե, հետո այդ գումարները պարգևատրում են միմյանց: Նա հարցնում է՝ սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը, երբ այդ գումարները չեն վերադառնում բյուջե և ուղղվում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը:
«Ես ոչ մի բարեփոխում չեմ տեսնում, ժողովրդի խնդիրների լուծում չեմ տեսնում, նույն սոված, առանց աշխատանքի ժողովուրդն է: Կոռուպցիա անում են, բռնում են, իրար պարգևատրելով ման են գալիս: Եթե Ազգային ժողովի նախագահի, մի դեպուտատի աշխատավարձը 1.2-1.3 մլն է, ձեր աշխատավարձն ինչքա՞ն է, որ ամբողջ օրը միկրոֆոնը ձեռքներդ ման եք գալիս»,-լրագրողին հարցնում է զոհվածի մայրն ու հավելում, որ սոցիալական խնդիրը լուծվելուց, աշխատատեղեր բացվելուց հետո միայն կարելի է խոսել բարեփոխումների մասին:
Տեսանյութը՝ 1in.am-ի