Սերժի իշխանության քաղցր պտուղները քաղելով…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում և ոգևորվածությամբ տեղեկացրել, որ «Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական:
«Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում:
Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»,-գրել է վարչապետը:
Թե այս գրառումն ինչ է տալիս սոցիալական ծանր պայմաններում ապրող, սակայն ՀՀ հպարտ քաղաքացիներին, որևէ մեկը չի կարող ասել:
Թե վարչապետի այս հուսադրող գրառումը մեղմո՞ւմ է գնաճն ու օպտիմալացման անվան տակ անաշխատանք մնացած, սակայն ՀՀ հպարտ քաղաքացիների զայրույթը, դարձյալ դժվար է ասել:
Արդյոք այս գրառումը կանխելո՞ւ է, որ կառավարության և Ազգային ժողովի տասնյակ անգործ մնացած վարորդներ չբռնեն արտագաղթի ճանապարհը, դարձյալ կանխատեսելի չէ:
Մեկ բան միայն հստակ է՝ նման միջազգային ինդեքսներում երկրների դիրքերը որոշվում են նախորդ տարի արձանագրած ցուցանիշների հիման վրա:
Այնպես որ՝ ՀՀ հպարտ վարչապետին խորհուրդ ենք տալիս նախորդ իշխանության արձանագրած ցուցանիշները որպես իր և իր թիմի ձեռքբերում չներկայացնել:
Իսկ թե կարո՞ղ է արդյոք նոր կառավարությունը որևէ դրական ցուցանիշ արձանագրել, պարզ կլինի արդեն հաջորդ տարի, երբ «Լավ երկրների» միջազգային ինդեքսում հայտնվի Հայաստանը:
Այնպես որ՝ ժամկետից շուտ էյֆորիայի մեջ ընկնել ու գցել պետք չէ, պետք է պարզապես գործել, քաղաքացուն լավ զգալու համար տնտեսական լավ ցուցանիշներ են պետք, որոնք, սակայն չկան: