Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է, օդից մեղադրանքներ հնչեցնել չի կարելի, ամոթ է
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Սահմանադրության կարգը տապալելու մասին հոդվածը ծիծաղելի է համարում։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում բանակի տոնի առթիվ «Եռաբլուր» այցելության ժամանակ՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, 2008-ին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքին:
«Ո՞նց եք պատկերացնում, ասենք էսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ՝ ծիծաղելի է։ Ի՞նչ ա նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են»,-ասաց Բալասանյանը։
Նրա դիտարկմամբ՝, սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանություն չէ, իսկ իշխանությանը պետք չէ կարգը տապալել։ Բալասանյանը նաև նկատում է, որ միգուցե եկել մասնակցել են զինվորներ, բայց հրամանում նման բան չկա։
«0038 հայտնի հրամանում չկա նման բան, որ զորքին հրամայված լինի մասնակցել Մարտի 1-ի գործողություններին։ Ժամանակը կգա, բոլորդ կտեսնենք, ու կասեք՝ ամոթ ա մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել։ 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքն այն ժամանակ կրակի»,-ընդգծեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։