Շառաչուն ապտակ՝ ՄԻԵԴ-ից. ծիծաղելի, բայց ողբերգական արդարադատության դառը պտուղները
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանին հատել Հայաստանի սահմանը։
Գործարարը կմեկնի Գերմանիա՝ բուժման։ Սա այն էր, ինչն ուզում էին Սամվել Մայրապետյանի պաշտպանները և ինչն ամիսներ շարունակ չէր թույլատրում նախաքննական մարմինը։ Հերթը հասավ ՄԻԵԴ-ին, որը հարցը լուծեց շատ կարճ ժամկետում։
ՄԻԵԴ-ը որոշեց միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում տվեց Հայաստանի կառավարությանը՝ շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն:
Սա ՄԻԵԴ-ի ապտակն է Հայաստանի արդարադատությանը, ու թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՄԻԵԴ-ի պահանջը ՀՀ կառավարությունից ուղղակի համարում է դատական վեճի հետ կապված սովորական գործընթաց, իրեն բնորոշ տոնայնությամբ խորհուրդ տալիս դարակազմիկ եզրակացություններ դրանից չանել, ավելին՝ ծիծաղելի է դրանք որակում, միևնույնն է՝ ծիծաղելի վիճակում հայտնվել է հայաստանյան արդարադատությունը:
Վարչապետն, իհարկե, Մայրապետյանի շուրջ կատարվողը սովորական մանիպուլյացիա է համարում, մի շարք լրատվականների էլ մեղադրում այդ չնչին նշանակության թեմային մեծ հնչեղություն տալու համար, սակայն միևնույնն է՝ դրանից ՀՀ-ի կրած պարտության աստիճանը չի մեղմվում։
Հավանաբար, նույն թեթևությամբ էլ վարչապետը կվերաբերվի հանրային հնչեղություն ունեցող մյուս գործերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի ապտակներին, իսկ թե պետության բյուջեն որքան ճեղք կտա ՄԻԵԴ-ի սպասվող որոշումների արդյունքում, ցույց կտա ժամանակը։