Ամենացանկալի մաղթանքը իմ կնոջից կուզեի լսել, որը չկա․ Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 80-ամյակը
ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նշեց, որ հոբելյանական առաջին համերգը կկայանա հունվարի 27-ին Լոս Անջելեսում։ Այդ մասին մաեստրոն հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ։
Այդ համերգով կմեկնարկի Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի առիթով կազմակերպվելիք համերգների շարքը։ Իսկ արդեն հաջորդ համերգը կլինի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 30-ին։ Մաեստրոն նկատեց, որ ծնունդը մեծ շուքով չեն նշի․ կլինեն ընտանիքի անդամները և իր վաղեմի ընկերները։
«Դա լինելու է ընտանեկան հավաք, ոչ պաշտոնական: Այդ առիթով նաև հարազատներս են եկել դրսից, այսօր աղջիկս է գալիս ու մի քիչ խառը ժամանակներ են, բայց պետք է սթափ լինել։ Հազիվ թե նոր գործ ստեղծեմ այս օրերին, բայց կիսատ գործ ունեմ՝ պետք է ավարտին հասցնեմ»,-ասաց Տիգրան Մանսուրյանը։
Նրա գնահատմամբ՝ այս տարիների իր ուղին ծայրահեղ հագեցած է եղել։
«Երաժշտության աշխարհ մտնելու համար կրթություն էլ չունեի ու տևական կռիվ եմ տվել՝ կայացման համար։ Եվ այն պահը, երբ ինքն ինձ արդեն պետք է ազատ թողնեմ՝ դեռ չկա։ Թեև տարիներն արդեն իրենց են ասում ու պետք է հոգնածությանն էլ տեղ տաս»․-նկատում է Մանսուրյանը։
Լրագրողի հարցին, թե ումի՞ց կցանկանար լսել իր ծննդյան ամենաբաղձալի մաղթանքը, մաեստրոն պատասխանեց. «Աստված իմ, ո՞ւմից կուզեի։ Ներողություն կխնդրեմ, սենտիմենտալ կարող է հնչել, իմ կնոջից կուզեի լսել, որը չկա, իմ կնոջից»։