Սիփան Փաշինյանին մի՛ կապեք Փաշինյան Նիկոլի հեղինակության հետ
Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, որը հորեղբոր հեղինակության հաշվին եկավ-դարձավ պատգամավոր, վստահ է, որ օրենսդիր մարմնում է հայտնվել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հենց իր շնորհիվ։
Սիփան Փաշինյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հիշեցրել է իր քաղաքական գործունեության մասին։
Այդ հիշեցումը մեզ առանձնապես որևէ բան չասաց, որովհետև եթե քաղաքական գործունեություն է որակվում ցույցերին մասնակցելն ու ցույց անելը, ապա դրա ավելի շատ հարուստ փորձով մարդիկ կան, ովքեր, սակայն, Ազգային ժողովում չեն, հետևաբար, տեղին է հարցադրումը․
Կա՞ մեկն, ով կարող է փաստել, որ Սիփան Փաշինյանը քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ գործունեություն է ծավալել։
Սիփան Փաշինյան քաղաքական գործչի մասին թերևս իմացանք, երբ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նրան նշանակեց խորհրդական, որից հետո էլ Փաշինյան Սիփանը դարձավ Հայկ Մարությանի նախընտրական շտաբի պետը։
Հավանաբար, սա քաղաքական շատ բուռն ուղի էր, ինչն էլ նրան հասցրեց երկրի թիվ մեկ օրենսդիր մարմին, և սա դեռ ամենը չէ․ Սիփան Փաշինյանը հավանաբար կլինի նաև Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Սիփան Փաշինյանն, ինչպես բախտի բերմամբ իր նման ազգային ժողովում հայտնված շատ այլ պատգամավորներ, հունից դուրս են գալիս և ընդդիմանում, երբ բարձրաձայնում են ծանոթ-բարեկամներով Ազգային ժողովը լցնելու՝ նրանց քաղաքական թիմի միակ հունարի մասին։
«Ես տարիներով, երկար տարիներով եղել եմ ակտիվիստ, ես հայտնվել եմ ոստիկանական բաժանմունքներում, բա այն ժամանակ ինչո՞ւ ոչ մեկը չասաց, թե այսինչ մարդու բարեկամն է, խի՞ է չարչարվում։ Ես կարամ թվեմ այն ակցիաները, որոնց մասնակցել եմ և ինչ արդյունքների եմ հասել․․․ Ես եղել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, իսկ այն ժամանակ խի՞ չասացին, թե խի՞ է հիմնադիր։ Վերհսկող հանձնաժողովի նախագահ եմ եղել, ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրել են կուսակիցներ, ինչը շատ կարևոր է։ Անցյալ տարի էլ եղել եմ ԱԺ պատգամավորի թեկնածու 13-րդ ընտրատեղամասում․ այն ժամանակ էլի խոսք չկա, թե ո՞նց ստացվեց, որ այսպես եղավ։ Հիմա այսօր խոսում են բարեկամ-ծանոթի մասին»,-իր կենսագրության հարուստ դրվագները եթերում պատմեց Սիփան Փաշինյանը՝ հերքելով, որ ազգային ժողովում հայտնվել է Փաշինյանի բարեկամը լինելու արդյունքում։
«Կներեք՝ ինձ նշանակե՞լ ա Նիկոլ Փաշինյանը պատգամավոր, ինձ նշանակել ա 17 155 քաղաքացի»՝ հպարտությամբ նշում է Փաշինյան Սիփանը և հայտարարում, որ նախընտրական ցուցակում եղել է վերջին շարքերում։
Սիփանը խոսում է 17 155 քաղաքացու մասին՝ իր կարճ խելքով չդատելով, որ այդ 17 155 քաղաքացու ձայնը ոչ թե իրենն է, այլ Նիկոլ Փաշինյանինը։ Թեկուզ նրան ձայն տար 40 հազար քաղաքացի, միևնույնն է, դա Փաշինյանին ձայն տված 40 հազար քաղաքացու ձայն էր լինելու, հետևաբար, դրանից ոգևորվել առանձնապես պետք չէ։ Այնպես որ՝ ցուցակում ոչ անցողիկ տեղում գրվելու էժանագին տրյուկների իրական տողատակը էյֆորիայից դուրս եկած մեր հասարակությունը գիտակցում է և փաստում՝ Ազգային ժողովում են վարչապետի ազգականները, ծանոթները, բարեկամները։
Դա է պատճառը, որ ԱԺ նիստերից որոշները շուտով կվերածվեն զրույցի՝ խաշի սեղանի շուրջ։
NEWSPRESS.am