Մինչև քաղաքապետարանը նոր տրանսպորտային ցանց կմշակի, ժողովուրդը կմնա ոտքի հույսին․ բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ
Հետհեղափոխական շրջանում ավտովարորդների դժգոհությունները չեն նվազել։
Դեռ մեկ տարի առաջ նույն խնդրով տաքսու վարորդների և չգործող երթուղիների գծատերերը բողոքի ակցիա էին կազմակերպել։ Այսօր նրանք քաղաքապետարանի դիմաց դարձյալ պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում։
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ քաղաքապետարանի հետ պետք է քննարկեն կայանատեղիների, կարմիր գծերի հարցերը և ամբողջ լիցենզավորման փաթեթը:
Նրանք նկատեցին, որ մինչև 2002 թվականի տրանսպորտի ոլորտում գործել են անհատ ձեռներեցներ: Հետո կառավարությունը որոշեց, որ ամբողջ երթուղին պետք է ղեկավարի մեկ հոգի, և գծատերեր հայտնվեցին:
«Եթե քաղաքապետարանը չգիտի, թե ինչպես պետք է լուծի խնդիրը, մենք դա գիտենք, ու պահանջում ենք, որ կեսը թող մնա գծատերերին՝ ներդրում կատարող ընկերություններին, իսկ կեսը վերադարձվի անհատ ձեռներեցներին։ Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի և իրենց ասած 4 տարի հետո ավտոբուս չբերեն»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Նա նկատեց, որ իրենց մատնանշած հայ արտադրողը Վահան Վարդանյանն է, ով մի քանի տարի դիմել է նախկին իշխանություններին։
«Նախկին իշխանությունները մտածել են փող լվալու մասին, եթե այդ փող լվանալու դարաշրջանն անցել է, ինչո՞ւ այդ մարդուն հիմա չեն ընդունում»,-նկատեց Տիգրան Հովհաննիսյանը՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Վահան Վարդանյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ իրենք լավ թիմ ունեն։
«Հնարավոր է մենք Հայաստանում ունենանք ավտոբուսի գործարան, որը շատերի երազանքն է եղել»,-ասաց նա
Քաղաքապետարանից բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ քաղաքապետը զբաղված է և չի կարող նրանց ընդունել։
«Մինչև քաղաքապետարանը նոր տրանսպորտային ցանց կմշակի, ժողովուրդը կմնա ոտքի հույսին»,-նկատեցին ցուցարարները։