Նոր տերերի մոտ դեռ խրախճանք է, նոր տերերը դեռ չեն կշտացել...
Պարգևատրումների թեման այս ընթացքում ամենաքննարկվողներից մեկն է: Բացի մարզպետներից, այն նաև չի շրջանցել ճոխությունների սիրահար Երևանի քաղաքապետարանին: Քաղաքապետ Մարությանի խոսքով՝ Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։
Իրականում պնդում չկա, թե պարգևատրել պետք է թե ոչ, բայց միանշանակ է՝ պարգևատրվածները պետք է արժանի լինեն, բացի այդ, պարգևատրելիս չպետք է խախտվի օրենքը:
Հետաքրքրականը քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի գրառումն է, որտեղ նա հայտնում է, թե քաղաքային իշխանությունը համոզմունք ունի, որ պարգևավճարների կիրառումը գործուն միջոց է՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և խթանելու որակյալ կադրերի ներգրավումը։ Պարգևատրումների պրակտիկան շարունակվելու է, այս կամ այն աշխատակցին պարգևատրելու որոշումը կամ պարգևավճարների չափը սահմանվելու է՝ գնահատելով նախընթաց ժամանակահատվածում նրա աշխատանքը։
Նման կլորիկ թվով պարգևատրում կատարած քաղաքապետը նախ պետք է մահվան գազելների և վերելակների հարցը լուծեր, առնվազն ռազմավարություն մշակեր, թե ինչպես պետք է զարգացնի քաղաքի ենթակառուցվածքները, մայթերը հետիոտնին տրամադրելու հարցը լուծած լիներ, մանկապարտեզների թիվն ավելացներ և այլն, և այլն: Սակայն հեշտ է մարդկանց՝ հատկապես աշխատակիցներին, պարգևատրումներով չքմեղանալն ու ընդունելի դառնալը: Սակայն այս մեթոդը դեռևս հարցի լուծում չէ:
Սա, իհարկե, հներից եկած մեթոդ է, սակայն եթե ցանկանում ենք հեղափոխական մոտեցումներ, ապա պետք է մի կողմ դնել հների պրակտիկան: Նախկին իշխանությունը նման ճոխությունների համար բազմիցս քննադատության է առնվել այս թիմի կողմից, երբ նրանք դեռ ընդդիմադիր էին:
Հին պրակտիկայից է նաև բողոքող քաղաքացիներին չընդունելու պահը: Նախկիններն էլ չէին իջնում քաղաքացիների մոտ, անձնապես չէին լսում բարձրացված խնդիրները: Նորերը ևս, ի դեմ Մարությանի:
Այսօր բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ ակտիվիստներ, ովքեր պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունի իրենց, որ ներկայացնեն հայ արտադրողին, ով ցանկանում է ավտոբուսների արտադրությամբ զբաղվել: Բանն այն է, որ բողոքող քաղաքացիները նշում են, թե արտադրողը կա, ներդրումները կան, ամեն ինչ պատրաստ է, սակայն Հայկ Մարությանը չի ընդունում ներդրողին:
Հիմա բումերանգի էֆեկտն է գործում, նորերը նեղանում են այսչափ քննադատությունից, բայց մոռանում են, որ ժամանակին իրենք էին քննադատողի դերում, նրանք անում են այն, ինչ նախորդները և մտածում, թե իրավիճակ կփոխեն: Իրավիճակ փոխելու համար, նախ պետք է նոր մոտեցումներով սկսել կառավարում իրականացնել:
Իսկ նոր մոտեցումները բացակայում են, նոր են միայն այս իշխանությունների դեմքերը, որոնք դեռ իրենց աշխատասենյակներն ինքնուրույն չեն կարողանում գտնել: