«Լուսավոր Հայաստան»-ը քաղաքապետարանի հարցով կդիմի վարչական դատարան
«Այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են, որովհետև 7, 1, 2 ամիս աշխատած այդ ծառայողները չէին կարող ստանալ այդպիսի բարձր պաշտոնային դրույքաչափերով պարգևավճարներ»։
Այսօր ճեպխազրուցի ժամանակ մարզպետների և Երևանի քաղաքապետարանի գումարային պարգևներին անդրադառնալով՝ իր տեսակետը հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը։
Նա ընդգծեց, որ երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների մասով բյուջեի ավելացումը, իրենց խմբակցությունը նկատել է, որ դա վատ պրակտիկա է:
«Մարությանը հրաժարվում է տալ քաղաքապետարանում պարգևավճարների հավելվածը: Դա ընդամենը փախուստ է, որ մենք չտեսնենք, թե ով ինչ դրույքաչափով է ստացել պարգևավճարներ: Սա անընդունելի է, կարծում եմ՝ այս աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց մոտեցումը»,- ասաց Անի Սամսոնյանը:
Ըստ նրա՝ պագևատրումները չեն կարող մոտիվացնող դեր ունենալ և, այսպես թե այնպես, յուրաքանչյուր անհատ իրեն գնահատելու է իր աշխատավարձի չափով, ու ո՛չ թե պարգևավճարի։
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ իշխող մեծամասնությունը փորձում է արդարացնել, թե աշխատավարձը ցածր է և պարգևատրումները դրա համար են․ «Մենք ժամանակին իրենց առաջարկել ենք, որ աշխատավարձը բարձրացվի, ո՛չ թե ըստ ցանկության լինի՝ ում տան- ում չտան. սա կոռուպցիոն վտանգներ է պարունակում»,-նկատեց Գորգիսյանը։
Անի Սամսոնյանն էլ հավելեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը քաղաքապետարանի հարցով կդիմի վարչական դատարան: