Կարգին Հայկոն «թևի տակ է քաշում» ոստիկանությունից վտարված վատ կադրերին, որ ի՞նչ անի (ֆոտո)
«Ոստիկանությունում բախտդ չի՞ բերել, քեզ աշխատանքից վռնդել են կաշառակերության, դիրքի չարաշահման կամ այլ թերացման պատճառով՝ հոգ չէ, Երևանի «նոր» քաղաքապետ Հայկ Մարությանը մտնում է քո դրության մեջ և քեզ աշխատանքի է հրավիրում քաղաքապետարանում»։
Քաղաքապետարանի կայքում կարող էր լինել նաև այսպիսի հայտարարություն՝ հաշվի առնելով Հայկ Մարությանի գթասիրտ վերաբերմունքն իր ոստիկան ընկերների նկատմամբ։ Մինչ ոստիկանությունը փորձում է, մեղմ ասած, մաքրվել անորակ կադրերից՝ իր շարքերից հեռացնելով նրանց, Երևանի քաղաքապետարանը հակառակը՝ իր դռներն է բացում «մերժվածների» առաջ։
Տարեվերջին NEWSPRESS.am—ն անդրադարձել էր, թե ինչպես էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոստիկանությունից ազատված 2 աշխատակցի պատսպարել իր հարկի ներքո ․ մեկին՝ որպես քաղաքապետի օգնական, մյուսին՝ աշխատակազմի քարտուղար նշանակելով։
2019 թվականին, Հայկ Մարությանի կյանքում ոչինչ չի փոխվել․ նա շարունակում է իր «բարեգթությունը» և պայքարում է համակարգից այս կամ այն պատճառով դուրս շպրտված ոստիկանության աշխատակիցների գործազրկության դեմ։
Այժմ էլ «լավության» կարգով, քաղաքապետարան է հրավիրվել նախկին ոստիկան Արամ Գյուլզադյանը՝ որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Եթե ընթերցենք քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված Գյուլզադյանի կենսագրությունը, ապա այնտեղ պարզ շարադրված է, որ նա 2004 թվականին ՀՀ ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո՝ 11 տարի անց, զբաղեցրել է ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների դեմ պայքարի» բաժնի պետի պաշտոնը։
Այլ կերպ ասած՝ պայքարել է «գողական աշխարհի» դեմ։ Թե որտեղ է նա թերացել, ո՞ւմ չի գոհացրրել, որ այսօր համակարգում չէ՝ դրան գուցե դեռ անդրադառնանք։ Սակայն այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Մարությանը շարունակում քաղաքապետարանում պաշտոններ տալ համակարգից հեռացված ոստիկաններին։ Եթե նրանք բարեխիղճ աշխատողներ եղած լինեին, ապա չէին հեռացվի։ Եվ հետաքրքիր է, որ այս ամենի վրա աչք է փակում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ նպատակով են կոռումպացված, աշխատանքում թերացած կամ բացասական վարքագիծ դրսևորած գործազուրկ ոստիկանները հայտնվում քաղաքապետարանում․ պաշտպանելու Մարությանի անվտանգությո՞ւնը, թե՞ պաշտպանելու սեփական անվտանգությունը քաղաքապետարանի շենքի ներքո: Նրանք օգնելո՞ւ են քաղաքապետին, թե՞ խանգարելու․․․ Ո՞րն է նրանց անելիքը քաղաքապետարանում․․․ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։
Ամեն դեպքում, հետաքրքիր է նաև հասկանալ, որ երբ մի առիթով Մարությանը հայտարարեց, թե «Մեր թմի դեմը խաղ չկա», նա հաշվարկե՞լ էր արդեն, որ «թմում» լինելու են նաև համակարգից հեռացված ոստիկաններ, ովքեր կտապալեն թմի դեմ ելնողներին․․․