Երևանի անկենդան ու լքված վայրերը (լուսանկարներ)
Մենք ապրում ենք ներկայով ու ապագայով։ Մեզ թվում է, թե անցյալն այլևս տեղ չունի մեր կյանքում։ Ոմանք այդպես են մտածում, քանի որ չգիտեն անցյալի մասին, չեն կարողանում արժևորել հինը։ Սակայն յուրաքանչյուր նոր ստեղծված է հենց մոռացված հնի հիմքերի վրա։
Երբ մենք ընդունեցինք քրիստոնեությունը, սկսեցինք ոչնչացնել մեր հեթանոսական մշակույթը։ Մեր պատմիչներից մեկն էլ հրճվանքով գրեց, որ Եփրատ գետն այնքան գիրք էին լցրել, որ գետը հունը փոխեց։ Հետո եկավ սովետական շրջան, և մենք 70 տարի ապրեցինք վախի մեջ, սակայն ստեղծեցինք ուժեղ երկիր։ Հետո քանդվեց ԽՍՀՄ-ը և մենք սկսեցինք ոչնչացնել, թալանել այդ շրջանում ստեղծվածը։
Հիմա գանք մեր օրերի Հայաստան, Երևան։
Երևանի պատմությունը մեր աչքի առաջ ոչնչացվեց։ Ուզենք թե չուզենք՝ մենք լուռ հետևել ենք, թե այդ պատմությունն ինչպես է ոչնչացել։ Սակայն Երևանում դեռ շարունակում են կիսականգուն մնալ մի շարք շինություններ, շենքեր ու կառույցներ, որոնք պատմության լուռ վկաներն են։ Այդ կառույցները անցյալի պատմության նման սև են և տեղ-տեղ՝ նաև լուսավոր։
Այդ կառույցներում ամփոփված են ժամանակաշրջանի կնիքը, մարդկային շնորհն ու արվեստի ուղղությունները։ Այնտեղ շարունակում են պտտվել անցյալի ուրվականները, թափառող շներն ու տուն փնտրող մուրացկանները։
Սակայն երբեմն լինում են մարդիկ, ովքեր մտնում են կիսաքանդ շենք, քայլում, դիտում ու հիանում, հիշում անցյալն ու ցավ ապրում, որ մենք ինքներս ոտնատակ ենք տալիս մեր պատմությունը։ Ու չգիտես ինչու, վերջին շրջանում մենք դադարել ենք անգամ հնի հիմքերի վրա նորը կառուցել։ Մենք նախընտրում ենք ամբողջովին քանդել հինը, փորել ու հողից դուրս շպրտել արմատները և թողնել այդպես դատարկ։
Իսկ միգուցե գլուխներս վեր հանենք ու տեսնենք, թե մեր ոտքերի առաջ ի՞նչ ենք ոչնչացնում։ Միգուցե խելքի գանք ու վերանորոգե՞նք կործանվող հինը։ Սպասենք հույսով ու հավատով։ Սակայն արդեն հավատ էլ չկա, քանի որ եթե այդ գիտակցությունն ունենայինք, ապա կպահպանվեր հեթանոսական հզոր մշակույթի գոնե կեսը։
Իսկ հիմա ստիպված ենք բավարարվել միայն Գառնու հեթանոսական տաճարով։
NEWSPRESS.am