Ինչո՞ւ է աղմկում Սիմոնյան Ալենը
Փաստորեն, Հայաստանում մարդու իրավունքների խախտումները բոլորը տեսնում են, բացի այդ նպատակով տարատեսակ գրանտներ ստացող հասարակական կազմակերպություններից, ովքեր հեղափոխության օրերին լծված էին Նիկոլ Փաշինյանի հերոսացման ծանր և ակնկալիքներով լի գործին։
Պարզվում է նաև, որ նման մտահոգություններ ունի Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից, ներկայումս` ախոյան Էդմոն Մարուքյանը, ով չնայած վարչապետին, որը հայտարարում է, թե Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, իսկ դա ենթադրում է, որ մարդու իրավունքների պաշտպանվածության հարցում մի մեծ քայլ պետք է առաջ գցած լինեինք, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ մարդու իրավունքների վիճակը մեր երկրում շատ վատ է։ Մարուքյանը հիշեցնում է, որ հասել ենք մի վիճակի, երբ հեղափոխության ջատագով թերթի խմբագիրն է իշխանությունից դժգոհում, հասել ենք մի վիճակի, երբ փաստաբանն իր պաշտպանյալի դատական նիստին չի կարողանում հասնել, քանի որ ոմանք փակում են նրա ճանապարհը, թքում մեքենայի վրա, իսկ ոստիկանների կողմից՝ ձայն բարբառո հանապատի։
էդմոն Մարուքյանը երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնից հայտարարում է, որ շուտով եվրոպական կառույցներն այս խայտառակությունների մասով ոչ թե ֆեյսբուքյան լայվեր են տալու, այլ զեկույցներ են դնելու իշխանությունների սեղանին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ համանուն խմբակցության ղեկավարն իրականում բարձրաձայնեց այն ամենն, ինչ տիրում է երկրում հեղափոխությունից հետո։ Մարուքյանի ներայացրած պատկերն իրական Հայաստանն է, ինչից, սակայն, կտրված է ապրում խորհրդարանի իշխող մեծամասնությունը։
Պարզվում է՝ Էդմոն Մարուքյանի այս կոնկրետ դիտարկումներն անընկալելի են ԱԺ փոխնախագահ կարգված Ալեն Սիմոնյանի համար։
Վերջինս կոնկրետացում է պահանջում Մարուքյանից և փաշինյանական ոճով սուտի դուխով արտահերթ ելույթների շտապում։
«Դուք ում եք եկել, ինչ եք ասում, մի հատ բացատեք։ Խոսում եք, բայց կոնկրետ ի՞նչ եք ասում։ Ասում եք՝ ֆեյսբուքյան վիրավորանքներ կան․ է՛, ու՞մ չեն վիրավորում»,-ասում է ֆեյքերի մի մեծ ակումբ պահող Սիմոնյանը։
Որպես, իբրև թե, լրագրությունից բան հասկացող՝ Սիմոնյանն ասում է, թե անտեղի են այն մտահոգությունները, թե իշխանությունը կարող է ճնշել մամուլը և հավաստիացնում Մարուքյանին՝ Դուք դա մե՞զ եք ասում․ խորհրդարանում լրագրողներ են նստած, հետևաբար ո՞նց կարող է իշխանությունը մամուլը «կոնտրոլ» անել։
Դե, հավանաբար, Սիմոնյանն ի նկատի ուներ, չգիտես՝ ոնց, խորհրդարան հասած Լուսինե Բադալյանին, Սասուն Միքայելյանի հետ քավոր-սանիկական կապերի մեջ գտնվող Թագուհի Թովմասյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հետ բաջանաղական կապերի մեջ գտնվող Սիսակ Գաբրիելյանին ու էլ չգիտենք ում։
Հավանաբար, Ալեն Սիմոնյանն ուզում էր ասել, որ եթե իր քաղաքական կնքահայր Նիկոլ Փաշինյանը փորձի «կոնտրոլի» տակ պահել լրատվամիջոցներին, այս լրագրողներն այդ մասին կգոռան, կաղմկեն, իրենց մեդիաներն այդ մասին կողողեն:
Ալեն Սիմոնյանը, սակայն, մոռացավ ասել, թե նման հանդգնություն ունենալուց հետո, սույն լրագրողները քանի վայրկյան կմնան Ազգային ժողովում․ չէ՞ որ նրանց և՛ այդտեղ հասցնողը, և՛ այդտեղից հեռացնողը Փաշինյանն է։