Գաղտնալսման դեպքը Հայաստանը չի մարսել. դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններում. Մարուքյան
Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորել. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ՝ նախաքննության մարմինների իրականացրած որոշ գործերով փնթի վարված նախաքննության հետ կապված: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Տպավորություն կա, որ այդ գաղտնալսման դեպքն անցավ գնաց, մարսվեց գնաց: Ուրեմն իմացեք՝ չի մարսվել, մեր պետությունը չի մարսել այդ գաղտնալսումը: Չի մարսել: Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններում: Արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք այս խորհրդարանում կանչել ու լսել մարդկանց: Մի հատ հասկանանք՝ էս ի՞նչ դատավորներ են զանգում, ո՞ւմ են զանգում, ինչի՞ համար են զանգում: Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հա՞, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ: Մենք հարցնելու ենք: Ես կոնկրետ հարցեր ունեմ»,- նշեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է դատարանններին, ապա, պատգամավորի խոսքով, հասել ենք այն բանին, որ դատավորները խուսափեն քրեական գործերով գործ քննելուց.
«Գործադիր իշխանությունը և տվյալ պարագայում՝ հեղափոխական գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպումներ տա, որ, այո, Հայաստանում փաստաբանները պաշտպանված են և պիտի պաշտպանվեն պետության կողմից: Այո, Հայաստանում դատարանները պիտի լինեն անկախ և դրանք ոչ թե հայտարարությունների տեսքով պիտի լինեն, այ կոնկրետ գործողությունների»:
Խոսելով նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերի մասին, Մարուքյանը մտավախություն հայտնեց, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ փաստաբանները հրաժարվեն նրանց պաշտպանելուց և նրանք ՄԻԵԴ-ում միանգամից հաղթանակ տանեն:
Մասնավորեցնելով խոսքը՝ Մարուքյանը նշեց, որ ինքն ապշել է, երբ իմացել է, որ Սամվել Մայրապետյանի գործն այդքան արագ կոմունիկացվել է ՄԻԵԴ-ի կողմից:
«Ես եվրոպական դատարանում գործեր ունեմ՝ 5 տարի է: Դեռ չեն սկսել նամակագրությունն ինձ հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ամիսների մեջ գործ են կոմունիկացնում՝ 39-րդ կանոնով: Վերջը ամեն ինչ պիտի տրամաբանություն ունենա՞, թե չէ՞: Այդինքն սենց ու՞ր ենք գնում: Ուռա ուռա ասելով գնալու ենք, խայտառակ լինենք»: