«100-ավոր մեքենաներ չեն մաքսազերծվել, գները թանկացրել են». ավտոներկրողների բողոքի ակցիան (տեսանյութ)
Ավտոներկրողները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Նրանք կառավարության շենքի դիմաց պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ավտոներկրողներին անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Ավտոներկրողները ՊԵԿ նախագահին քննադատում են նաև նախորդ տարվա ընթացքում հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու համար: Նրանց խոսքով՝ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով՝ յուրաքանչյուր մեքենայի համար:
«Ինչո՞ւ էդ գները որոշելիս մեզ հետ չեն խոսում, մեզ հաշվի չեն առնում: 100-ավոր մեքենաներ չեն մաքսազերծվել, իրենք թանկացրել են մեքենաները»,-ասացին ցուցարարները:
Ու քանի որ վարչապետն այդպես էլ չիջավ հանդիպելու ավտոներկրողների հետ՝ նրանք իրենց հարցն ուղղեցին կառավարության նիստից դուրս եկող վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, ով, սակայն, իր պատասխանով չգոհացրեց ցուցարարներին:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում.