Պատմությունը չի ժպտում այն մարդուն, ով ուզում է ինքնահաստատվել ուրիշների անցյալը վկայակոչելով․ Պետրոսյանը՝ Բաբաջանյանին
Արդյոք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը քաղաքակա՞ն էր։ Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ ամբիոնից իր հարցն ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին։
«Իհարկե, ես չեմ կարող հերքել, որ պարոն Բաբաջանյանի ելույթում կային քաղաքական էլեմենտներ, բայց չեմ կիսի ելույթը զուտ քաղաքական համարելու տեսակետը, որովհետև այնտեղ հնչեցին անուններ»,-ասաց Պետրոսյանը։
Նա Բաբաջանյանին խնդրից, որ իր ելույթը որպես հենգնանք չընդունել և ասաց․ «Այս ամենը ցույց է տալիս 2 բան, նախ՝ պատմությունը չի ժպտում այն մարդուն, ով ուզում է ինքնահաստատվել միայն ուրիշների անցյալը վկայակոչելով, և երկրորդ՝ այն ահռելի տեղեկատվությունը, որ Դուք հայտնեցիք այս լսարանում, չեմ կարծում, որ դա ընդամենը մեկ-երկու օրվա փաստահավաք գործունեության արգասիք է։ Ենթադրում եմ, որ սա երկար ժամանակ կուտակած նյութ էր, ինչը Դուք հնարավորություն ունեիք սփռել նաև մինչև ԱԺ պատգամավոր դառնալը։ Այսինքն՝ այստեղ կա հետին թվով իմաստուն երևալու դիտավորություն, որը որևէ մեկին պատիվ չի բերում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ ամեն դեպքում իրենք գործընկերներ են և չեն կարող թշնամիներ լինել։
«Մենք թշնամիներ չենք, սիրելիներս, մենք ընդդիմախոսներ են։ Եկեք չդավաճանենք գործընկերներ լինելու մեր խոստումներին։ Ի վերջո, պետք է հասկանալ՝ խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն էլ առանց բարգավաճման ուղղակի անիմաստ է»,-եզրափակեց պատգամավորը։