Քոչարյանի երկու միջնորդությունների քննարկումն ավարտվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց գործով դատախազ Վահագն Մուրադյանը: Նրա խոսքով՝ երկու կողմերի միջնորդությունների քննարկումն ավարտվել է, և կողմերն իրենց դիրքորոշումները հայտնել են արդեն։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանն էլ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափ։ Փաստաբանի խոսքով՝ քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում իրենք կալանքը գրավով փոխարինելու նոր միջնորդությամբ են հանդես եկել։
«Գումարի չափ չենք սահմանել, թողել ենք դատարանի հայեցողությանը»,-ասաց նա։
Քոչարյանի պաշտպանը նաև ասաց, նիստի ընթացքում ավելի քան 15 տեսաերիզ են ներկայացրել, որոնք հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։