Կամ կընկնեն «ձորը», կամ էլ… Արամի ու Բուզանդի փողոցների «վերջին մոհիկանների» տխուր պատմությունը (ֆոտոշարք)
Արդեն մի քանի օր է՝ Արամի 23 հասցեն հանրության ուշադրության կենտրոնում է: Այդ հասցեում գտնվող պատմական շենքը քանդվեց, բայց մինչ այս պահը ոչ ոք իր վրա չվերցրեց շենքի փլուզման մեղքը: Արամի ու Բուզանդի փողոցներում մնացած մի քանի ընտանիքները սպասում են, թե երբ կփլուզվեն նաև իրենց տները: Ոմանք էլ օրեր առաջ տեղի ունեցած փլուզումից հետո դռները փակել ու հեռացել են:
Բուզանդի փողոցի հին տներից մեկում է իր ընտանիքով ապրում Ռուզաննա Գրիգորևնան: Նրանց տունը գտնվում է «ձորի բերանին»: Տուն մտնելուն պես նկատում ես, որ հատակը, պահարաններն ու մահճակալը թեքված են: Տան արտաքին պատերը ճաքած են, իսկ տունն ամբողջությամբ թեքված է: Ընտանիքի անդամներն էլ վախով են քնում, քանի որ ամեն պահի կարող են հայտնվել «ձորում»:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում տիկին Ռուզաննան պատմեց իրենց տան ոդիսականը:
«Այստեղ ապրել է մայրս: Սա իմ հայրական տունն է: 63 թվականին ես եմ ծնվել և մինչ օրս այստեղ եմ ապրում: Այս տները կառուցվել են 1950-ականներին: 1982 թվականին հաստատվեց, որ մեր տունը վթարային է ու մենք պետք է արտահերթ տուն ստանանք: Մեր վերևի հարևանը տուն ստացել է, բայց մենք դեռ չենք ստացել:
Արդեն 2 տարի է՝ ինչ-որ մարդիկ գալիս են մեզ մոտ բանակցելու: Ինչ-որ Լևոն անունով տղա է: Մեզ առաջարկել են տուն «Գլենդելում», բայց չենք համաձայնվել, քանի որ այդ տունը 4 դատարկ պատ է: Ոչ սվաղ կա արած, ոչ բաղնիք, ոչ զուգարան: Չենք ուզում ապրել 4 դատարկ պատի մեջ: Օրեր առաջ եղած փլուզումից հետո եկան մեզ մոտ 2 հոգի ու առաջարկեցին, որ վարձով ապրենք ու վարձի գումարն էլ իրենք կտան: Իսկ սեպտեմբերին պայմանագիր կկնքենք ու «Գլենդելում» տուն կստանանք, սակայն ես այդ պայմանագրերին չեմ հավատում: Մենք ուզում ենք, որ իրենք մեր համապատասխան գումարը տան և մենք մեր ձեռքով տուն առնենք: Իրենք ուզում են, որ մենք մեր տունը տանք իրենց, իսկ իրենք էլ մեր փողով մեզ համար տուն առնեն: Միգուցե 40 հազար դոլարով տուն առնի ու ասի, որ 80 հազար դոլարով է առել: Այս տարածքում 5 տուն ենք մնացել: Սպասենք ու տեսնենք, թե մեզ հետ ինչ կլինի»:
Ընդգծենք նաև, որ մեզ հետ զրույցում տեղում ապրողները նշեցին, որ օրեր առաջ անտուն մնացած կնոջը, ում տունը նույնպես փլվել էր փոքրիկ երգիչների շենքի նման, վարձով տուն են տվել և տան վարձն էլ իրենք են վճարելու: