Դեղին վարդերի ֆենոմենը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանy երկու օր տևած կատաղի պայքարում հաղթեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին։
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը բաժին հասավ ԲՀԿ-ական էնֆիաջյանին, մինչդեռ երկու օր շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ջանք ու եռանդ չխնայեց Մանե Թանդիլյանին որպես այդ պաշտոնի կատարյալ թեկնածու ներկայացնելու համար։
Ինչևէ, Մանե Թանդիլյանն այս դուելում պարտվեց։
Հետաքրքրական է, որ այս օրերին Էդմոն Մարուքյանի կողմից քննադատության ենթարկվելուց և կռվի արանքը չընկնելու կոչեր լսելուց հետո էլ Վահե Էնֆիաջյանը հավատարիմ մնաց խորհրդարանական համերաշխությանը՝ որպես ջենթլմենական ժեստի ցուցադրում, դեղին վարդեր նվիրելով պարտված կին թեկնածուին։
Թե այս ժեստը որքանով կօգնի խորհրդարանում երկու կողմերին, նրանց հետագա խորհրդարանական գործունեության ընթացքում, ցույց կտա ժամանակը, թեև հաշվի առնելով ԼՀԿ-ԲՀԿ կատաղի պայքարի նմանվող քասթինգ դեֆիլեները, չի բացառվում, որ այդ վարդերից շուտով միայն ցողունները կմնան։
Միայն վերջում հիշեցնենք, որ կին պաշտոնյային դեղին վարդեր նվիրելու ջենթլմենությամբ նախկինում աչքի ընկավ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։
Բոլորս ենք հիշում Հարկադիր կատարման շենքի աստիճանների մոտ վարդերով նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին դիմավորող Միհրան Պողոսյանին։
Այն ժամանակ ևս վարդերը դեղին էին։