Ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադիր լինել և վերջին անգամ այս հարցը քվեարկել․ Միրզոյանը՝ պատգամավորներին (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց քվեարկությունը, քանի որ պատգամավորները, քվեարկելու փոխարեն, սկսեցին գրանցվել։ Արարատ Միրզոյանն ստիպված եղավ բացատրել․
«Հարգելի պատգամավորներ, այսօր առավոտյան, երբ եկաք, գրանցում եղել է առավոտյան, և հիմա մենք անցնում ենք քվեարկության»։ Նրա այս խոսքի ընթացքում պատգամավորները շարունակում էին քվեարկել, և Արարատ Միրզոյանը ստիպված կոչ արեց դադարեցնել այդ քվեարկությունը։
«Խնդրում եմ դադարեցնել այս քվեարկությունը»,-ասաց նա։
Այնուհետև Միրզոյանը խնդրեց պատրաստվել քվեարկության, սակայն այս անգամ էլ պարզվեց, որ շատերը չէին սեղմել կոճակները։ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ տեխնիկական անսարքություն կա և հարցը նորից դրեց քվեարկության, քանի որ չքվեարկողների թիվը մեծ էր։ Նա ևս մեկ անգամ հարցը դրեց քվեարկության, սակայն արդյունքը նույնն էր։
Հարցին, թե տեխնիկական խնդիրներ կա՞ն արդյոք դահլիճում, նրան պատասախանեցին, որ տեխնիկական խնդիրները հարթված են, և ամեն ինչ կարգին է։
«Ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադիր լինել և վերջին անգամ կատարել այս քվեարկությունը։ Կարծում եմ՝ քվեարկության ձևը հիշում եք՝ նախապես պետք է սեղմել առաջին կոճակը, և հետո կողմ, դեմ, կամ ձեռնպահ»,-բացատրեց Արարատ Միրզոյանը և հարցը դրեց քվեարկության։
Սակայն քվեարկությունը կրկին չստացվեց։ Նրանց, ովքեր չէին կարողացել քվեարկել, Միրզոյանը հորդորեց ձեռք բարձրացնել և այդ ձայները գումարեցին եղած քվեին։
«Վերջ, հարցը լուծվեց»,-ասաց Միրզոյանը։