«Իմ քայլ»-ի անվան տակ հիմնադրամ ստեղծելը կոռուպցիայի դասական դրսևորում է. կլասիկ կոռուպցիոներ են․ Փոստանջյան
Այն օլիգարխները, որոնք ՀՀԿ-ի ժամանակ իշխանության էին, այս ընտրություններին իրենց ներկայացուցիչներին խորհրդարան են ուղարկել:
Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայն փոխարինեց Հանրապետական կուսակցությանը․ նույն գործելաոճն ու նույն կոռուպցիոն դրսևորումները։
Զարուհի Փոստանջյանը, որպես կոռուպցիայի դրսևորում, մատնանշում է նաև «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծումը։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններն ուղղակիորեն հակասում են այն փաստին, որ, օրինակ, «Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծվում: Սա դասական կոռուպցիոն դրսևորում է», - ասաց նա։
Փոստանջյանն անդրադարձավ նաև ԱԱԾ-ՀՔԾ պետերի և Նիկոլ Փաշինյանի ու հիշյալ կառույցների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումներին։ Նա նկատեց, որ վերջիններս չհերքեցին, որ նման խոսակցություն եղել է։
«Ճիշտ է, հետագայում ասացին, որ ինչ-որ մասեր կտրել են, բայց դա կարևոր չէ։ Խնդիրն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը, օգտվելով իրեն վերապահված լիազորություններից, կարող է ազդել քննության վրա, ինչպես նաև դատական համակարգի վրա: Սա գոյություն ունեցող ռեժիմին հակակշիռի բացակայության հետևանք է», -ընդգծեց նա:
Նա նաև ընդգծեց, որ չկան այնպիսի իրավական նորմեր, երբ մարդու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, և նա այդ ընթացքում իր սեփականությունից նվիրատվություններ է անում պետությանը։
«Ես չեմ արդարացնում այդ մարդուն, սա պայմանական օրինակ է, բայց նման իրավական ընթացակարգից օգտվելը խոսում է կոռուպցիայի մասին․ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում»,-ասաց Փոստանջյանը։
Անդրադառնալով մի խումբ քաղաքացիների կողմից Մանվել Գրիգորյանի փաստաբանի վրա ճնշման գործադրման փաստին՝ նա նշեց, որ Փաստաբանների պալատը պատրաստվում է ոստիկանության անգործության կապակցությամբ բողոք ներկայացնել:
«Յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե ինչ հանցագործություն է կատարել, պաշտպանության կարիք ունի: Պետք է հարգել փաստաբանական աշխատանքը», - ասաց Փոստանջյանը: