Փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի մոտ
Փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Նրանք պնդում են նաև, որ նախկին իշխանությունների ժամանակ բացօթյա առևտրի թույլտվության համար համապատասխան դիմումներ են գրել։
«Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- ասում են քաղաքացիները, որոնց իրավապահները թույլ չեն տվել աշխատել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ քաղաքապետարանի առևտրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թովմասյանը նշեց, որ քաղաքացիներին կառաջարկվի այլընտրանք։
«Այսօր էլ դեռ ուսումնասիրվում են, թե Երևանի շուկաներում որքան տեղ կա և նաև հաշվի ենք առնում վարձավճարները: Հնարավորություններ կան մինի շուկաներ ձևավորել, քննարկումների արդյունքում ընդունված տարբերակը կառաջարկվի քաղաքացիներին»,-ասաց նա։
Քաղաքացիների հետ հանդիպման դուրս եկած ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։ Սակայն քաղաքացիներին քաղաքապետարանի այս առաջարկը չուրախացրեց։ Նրանք նկատում են, որ իրենց որպես այլընտրանք առաջարկվող վայրերում առևտուր չի լինում։
«Կարող ա ամբողջ օրը կանգնենք ու ապրանքը դնենք ու 1000 դրամի առևտուր էլ չանենք, հետո էլ եղածը տանենք թափենք։ Ախր ուրիշ աշխատանք էլ չկա»,- ասում են առևտրականները։ Նրանցից մեկն էլ նկատում է․ «Մարդիկ, որ գործից դուրս են գալիս՝ տուն գնան, հենց փողոցից էլ առևտուր են անում։ Գործից հետո ոչ ոք չի հասնի, ասենք, «Գումի» շուկա, որ առևտուր անի»։
Փողոցային առևտրով զբաղվողները խնդրում են թույլ տալ իրենց վաստակել օրվա հացի փողը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել մինի շուկաներ։