Ինքնաբացարկի համար հիմք չէ, որ Քոչարյանի գործը քննող դատավորը եղել է Փաշինյանի գործով մեղադրող դատախազ․ փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում կխնդրեն, որ սկզբում գրավի միջնորդությունը քննվի, դրա վերաբերյալ որոշում կայացվի, որից հետո, եթե գրավի հարցը մերժվի, առանձին քննվի կալանքի երկարացման հարցը։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով` այդ երկուսը տարբեր միջնորդություններ են, ֆորմալ առումով երկու տարբեր մեղադրանքների և տարբեր ժամանակահատվածների են վերաբերում:
«Գրավի միջնորդությունը վերաբերում է անցյալ տարվան և այս տարվա վերջին հինգ օրերին, իսկ կալանքի երկարացումը դրա հաջորդող ժամանակահատվածին»,-բացատրեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի գործով («Օրագիր» օրաթերթի խմբագիր եղած ժամանակ թերթին առնչվող գործով) մեղադրող դատախազ է եղել, Օրբելյանը նշեց. «Դա, որպես այդպիսին, ինքնաբացարակի հիմք չէ, եթե չպարզվի, որ վարչապետն ինչ-որ կերպ ուղղակի առնչություն ունի չարաբաստիկ գաղտնալսումների հետ: Եթե դատարանը գիտի նման հանգամանքների մասին՝ ճիշտ կլինի, որ նա հայտնի»:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Օրբելյանը նաև նկատեց, որ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկ հայտնելու այլ հիմքեր, գոնե այս պահին, չկան։
«Հնարավոր է՝ կան ինչ-որ հանգամանքներ, որոնք գործընկերներս կարող են մատնանշել, բայց այս պահին չենք տեսնում նման հիմքեր: Դատարանին հարցրել ենք նաև, թե դատախազությունում աշխատած տարիներին արդյոք առնչվե՞լ է Մարտի 1-ի գործերին, դատավորը նշեց, որ ոչ»,-ասաց փաստաբանը։