Փաշինյանի կցորդից՝ ԱԺ նախագահ. քանի՞ քայլ է անելու Արարատ Միրզոյանը
Ազգային ժողովն այսօր միանձնյա նախագահ ընտրեց նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ով ընտրությունից անմիջապես հետո անցավ իր պարտականությունների կատարմանը՝ նախքան այդ ջերմորեն պատասխանելով խորհրդարանի միջանցքներում իրեն ուղղվող բազմաթիվ հարցերի: Միրզոյանը դրանց պատասխանելիս անխախտ էր պահում ժպիտը, և ևս մեկ կարևոր նախապայման՝ իրեն դուր չեկած հարցերին տալիս էր հարցի հետ կապ չունեցող պատասխաններ՝ առանց կոնկրետանալու:
Հետաքրքրական է, որ իրեն ուղղված հարցերից ոմանց Արարատ Միրզոյանը պատասխանում էր շատ անկեղծ. օրինակ, հարցին՝ ձայն կտա՞ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Մանե Թանդիլյանին, Միրզոյանը շատ կարճ և կտրուկ պատասխանեց՝ ո՛չ: Այո՛, ձայն չի տա Թանդիլյանի օգտին, որովհետև նա իրենց հետ չի քայլել:
Ձայն չի տա Թանդիլյանի օգտին, որովհետև վերջինս համալրում էր այն մարդկանց շարքերը, ովքեր կարծում էին, որ քայլելով հեղափոխություն անելը սխալ է: Իհարկե, Արարատ Միրզոյանն անկեղծությունից վայրկյաններ անց հիշեց, որ իր «ոչ» պատասխանը պետք է պրոյեկտի ԱԺ կանոնակարգ օրենքի վրա:
Արարատ Միրզոյանը մեկ լողացող պատասխան էլ տվեց նիստերի դահլիճում: Հարցին՝ պատրա՞ստ է աջակցել սուպերվարչապետության փոփոխությանը և երկիրը սուպերվարչապետությունից ազատելուն, Միրզոյանը պատասխանեց, որ բաց են քննարկման համար, բայց ոչ մի խոսք՝ Նիկոլ Փաշինյանին տրված լիազորությունների նեղացման կամ Սերժ Սարգսյանի հագով կարված «պիջակը» ձևափոխելու մասին:
Ապագայում կտեսնենք, թե որքանով են բաց քննարկումների համար, և կկարողանա՞ արդյոք Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի կցորդից վերածվել ԱԺ նախագահի՝ խորհրդարանին օժտելով կառավարությանը վերահսկելու բացառիկ լիազորություններով:
Հետաքրքրական է, որ Ազգային ժողովի մեծամասնություն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն այսօր բավարարվեցին միայն պատգամավորի երդումն ուտելով և Հայաստանի հիմնը լսելով. թեպետ նիստին հետևողները շունչները պահած սպասում էին, որ ԱԺ-ում պետք է լսեն հայտնի «դըմփ-դըմփ-հո՛ւ»-ն:
Զարմանալիորեն «դըմփ-դըմփ-հո՛ւ»-ն ԱԺ նիստերի դահլիճ չհասավ, փոխարենը Արարատ Միրզոյանը դարձավ և զօղորմի տվեց Սանասարին և Բաղդասարին, Մեծ Մհերին, Սասունցի Դավթին ու Փոքր Մհերին:
NEWSPRESS.am