Նոր խորհրդարանի Մանվել Գրիգորյանը
Այսօր տեղի ունեցավ մի պատմական և դարակազմիկ իրադարձություն. գումարվեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը դարակազմիկ ենք որակում այն պատճառով, որ 7 գումարումների ընթացքում երբևէ Ազգային ժողովը չէր տեսել այսքան գործից գլուխ չհանողների և քաղաքականությունից այսքան հեռու կանգնսծ մարդկանց, որոնց գերակշիռ մեծամասնությունն իշխող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ էին:
Ազգային ժողովի այսօրվա նիստին հետևող լրագրողներս կանգնել էինք ցավալի և տխուր փաստի առաջ՝ այն գիտակցումով, որ խորհրդարանական կառավարման մոդելը որդեգրած Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը, գտնվում է ընդամենը քայլելու ունակ մի խմբի ձեռքում:
Թե ժամանակի ընթացքում այս խմբի քանի տոկոսը կգիտակցի իր ուսերին դրված բեռի ծանրությունն ու կփորձի գոնե ինքնակրթությամբ աղերսներ գտնել քաղաքականության հետ, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ փաստենք ևս մեկ տխուր հանգամանք. պարզվում է՝ Ազգային ժողովը չի ազատվել մանվելգրիգորյանական տեսակից. 7-րդ գումարման Ազգային ժողովում ևս Մանվել Գրիգորյան է առկա, այս անգամ, սակայն, Սասուն Միքայելյանի տեսքով:
Սույն պարոնը երկրի թիվ մեկ օրենսդիր մարմինը խառնել է թաղի հետ և աջ ու ձախ փորձում է հարցեր լուծել, իբրև թե վիրավորված ինքնասիրությունը պաշտպանել:
Այսօր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, դիմելով խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությանը՝ նրանց անվանեց ոչ թե խմբակցության անունով, այլ պարզապես ասաց «իրանց». ասաց՝ ԼՀԿ-ի կռիվը ոչ թե ԲՀԿ-ի, այլ «իրանց» հետ է:
Մարուքյանի ձևակերպումը դուր չեկավ Սասուն Միքայելյանին, ով տեղից արձագանքեց ու սկսեց պատասխան պահանջել Մարուքյանից՝ ասած մեկ բառի համար, որում որևէ արհամարհական նոտա չկար:
Դե Մարուքյանն էլ, որպես փորձված պատգամավոր, տարավ-բերեց ու Սասուն Միքայելյանին հասկացրեց հանգիստ տեղը նստել ու լռել՝ շեշտելով, որ Միքայելյանն իր հետ չի կարող բանավիճել:
Սա ժողովրդավարության անվան տակ իշխանական մեծամասնությունը վերցրած ուժի ներկայացուցչի պահվածքից մի դրվագ էր ընդամենը, իսկ նման դրվագներ, հաշվի առնելով իշխանատենչությունից գլխապտույտի մեջ հայտնվածների դուխն ու պահվածքը, դեռ լինելու են. նման կինոներ դեռ էլի ենք տեսնելու և՛ ԱԺ միջանցքներում, և՛ նիստերի դահլիճում: Փաստորեն, հայտնվել է խորհրդարանի երկրորդ Մանվել Գրիգորյանը: