«Լուսավոր Հայաստանը» կլիներ գրպանային ընդդիմություն․ Արարատ Միրզոյան
«Մենք հարգում ենք ժողովրդի կատարած քվեարկությունը և մեծությամբ երկրորդ խմբակցությանը և ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի թեկնածուի օգտին կողմ կքվեարկենք»։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կքվեարկի ԲՀԿ-ի թեկնածուի օգտին։
«Հակառակ դեպքում կարող է այնպես ստացվել, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորում է սիրելի ընդդիմություն, կամ ինչպես նախկինում էին ասում, մի քիչ այս բառը վիրավորական է, հարմար չեմ գտնում, բայց գրպանային ընդդիմություն։ Մենք մեզ նման իրավունք որևէ կերպ չենք վերապահում»,- ասաց Միրզոյանը։
Հարցին, թե այդ տրամաբանությամբ ԲՀԿ-ն ընդունելի ընդդիմությո՞ւն է, Արարատ Միրզոյանն ասաց․ «Մեզ համար ընդունելի տարբերակն այն է, ինչն արդեն ընտրել է ժողովուրդը»։