Փակեցիք, իսկ ե՞րբ է գալու կառուցելու և ստեղծելու ժամանակը...
Հունվարի 13-ին Հրազդանի երիտասարդ քաղաքապետ Սևակ Միքայելյանը համայնքի զարգացմանը միտված մի շատ կառուցողական և հեռատես քայլով հանդես եկավ: Այսուհետ, Սևակ Միքայելյանի որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում է կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:
Այո՛, համայնքի մշակութային կյանքը զարգացնելու միտված այս քայլով Սևակ Միքայելյանը կդասվի քաղաքի երևելիների շարքերում և անունը վառ կպահվի՝ որպես ամենահեռատես քաղաքային կառավարում իրականացնող մարդ:
Սարկազմը մի կողմ...:
Սևակ Միքայելյանի վերոնշյալ հայտարարությունը չի դիմանում ոչ մի քննադատության: Նախ, գիշերային ակումբների գործունեության մասին արգելող օրենսդրություն գոյություն չունի, երկրորդ՝ դրանք քաղաքային բյուջեն աշխուժացնող ոլորտներ են, երրորդ՝ դրան համարժեք այլ առաջարկ չի ներկայացնում քաղաքապետը, օրինակ, հատկացված տարածքներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել և հարկեր մուծել, և հետո՝ չկա մի պետություն, մի քաղաք, որ չունենա նմանատիպ ժամանցային կենտրոններ և ի վերջո, անդորրի ապահովման համար, ի գիտություն Սևակ Միքայելյանի, կա ոստիկանություն, այո՛, այո՛ կան մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում անօրինականությունները կանխելու համար:
Նկատենք, որ այս իշխանությունները դեռևս ոչ մի լայնածավալ ծրագիր չեն սկսել, չկա մի սկսված շինարարություն կամ լայնածավալ բարեկարգում, որոնց հեղինակաները նրանք են: Օրինակ՝ Սևակ Միքայելյանի մտքով անգամ չի անցել, որ կարելի է վերանորոգել Հրազդանի դրամատիկական թատրոնը և համայնքային բյուջեի հաշվին քիչ թե շատ բարելավել խաղացանկը կամ կինոսրահներ բացել, առևտրի կենտոններ հիմնել, բնակարանային նորակառույց շենքեր կառուցել, ասենք, Հրազդանի երիտասարդ ընտանիքների համար: Սևակ Միքայելյանի առաջին և տապալված որոշումն է՝ փակել մարդկանց բիզնեսը՝ առանց լրջագույն հիմնավորման:
Փակեցիք, իսկ ե՞րբ է գալու կառուցելու և ստեղծելու ժամանակը...