«Իմ քայլ»-ն Արարատ Միրզոյանին առաջադրեց ԱԺ նախագահի թեկնածու
«Իմ քայլը» խմբակցության անունից պատիվ ունեմ ներկայացնելու ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Սամվելի Միրզոյանի թեկնածությունը: Այդ մասին նորըտնտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ դիմելով պատգամավորներին:
Նա ներկայացրեց Արարատ Միրզոյանի կենսագրությունը:
«Կարծում եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունը հավասաարապես ընդունելի է թե՛ իշխող մեծամասնության, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների համար: Իր դավանած արժեքներով և անձնային հատկանիշներով նա, անկասկած, ջանք չի խնայի իշխանություն-ընդդիմություն երկխոսության, տարատեսակ քաղաքական հակասությունների հարթման և փոխզիջումների փնտրտուքի համար: Կլինի մի կողմից հավասարապես բոլոր պատգամավորների և մյուս կողմից՝ Ազգային ժողովի՝ որպես կարևորագույն պետական ինստիտուտի նախագահը՝ ստանձնելով Հայաստանի Հանրապետությունում պառլամենտարիզմի կայացմանը նպաստելու, հեղափոխության հռչակած սկզբունքները պաշտպանելու և միջազգային հարթակներում մեր խորհրդարանը ներկայացնելու բարդ և պատասխանատու հանձնառությանը»,- նշեց Մակունցը:
Ամփոփելով խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պառլամենտին կոչ արեց կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը: