Լենա Նազարյանը «նետվել է» Արարատ Միրզոյանի կնոջից «փրկելու» Հայկ Սարգսյանի 300 հազար դրամանոց բաճկոնը
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում հեգնել է համացանցում մեծ աղմուկ հանած՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի բաճկոնը, որի վրա գրառված է՝ պատգամավոր-Հայկ Սարգսյան։
Գոհար Աբաջյանը գրել է ընդամենը մեկ նախադասություն․
«Ինձ մի հատ փրոջեքթ մենեջերի կուրտկա ու հաշիվը խնդրում եմ»։
«Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարայնն անմիջապես նետվել է «փրկելու» Հայկ Սարգսյանի 300 հազար դրամանոց բաճկոնը՝ նշելով, թե ինքն այդտեղ խնդիր չի տեսնում։
«Միջոցառումների որ մասնակցում ենք, բեյջ ենք կրում: Մարդիկ պարտավոր չեն իմանալ դու ով ես ու նաեւ հիշել անուն, ազգանունը: Հաճախ ինձ Ղազարյան են ասել: Ես կողմ եմ մարդկանց կյանքը հեշտացնելուն»,- գրել է նա։
Իհարկե, Լենա Նազարյանի այս պաշտպանությունն արժանացել է համապատասխան գնահատականների և որակումների։ Օգտատերերն արդարացիորեն նկատել են, որ Նազարյանի բացատրությունը հիմնավոր չէ զուտ այն պարզ պատճառով, որ եթե Սարգսյանն ուզում էր իրեն ճանաչեն, կարող էր պարզապես բեյջ կրել․․․
Բայց ո՛չ, Հայկ Սարգսյանը հավանաբար որոշել է նմանակել իր «առաջնորդին» և իր համար հատուկ բաճկոն է պատվիրել։
Այնպես որ՝ չի բացառվում, որ Լենա Նազարյանը, Հայկ Սարգսյանի բաճկոնը փրկելով, ապահովագրում էր նաև իր վարչապետին՝ ավելորդ քննադատություններից։
Հարկ է նկատել նաև, որ Հայկ Սարգսյանը միայն այսօր՝ հունվարի 14-ին պաշտոնապես դարձավ պատգամավոր, բայց մինչ այդ արդեն իսկ կրում էր բաճկոնը։
Մի կողմից լավ է․ նա երևի թե գիտակցել է, որ պատգամավոր լինելն իր «բանը չէ» և, չհավատալով այդ՝ իր համար անհավանական ու բաղձալի իրադրությանը, նախապես ամրագրել է իր կրծքին, որ բոլորին համոզի, իսկ իրեն հիշեցնի, թե ինքն այլևս պատգամավոր է։